Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Հայաստանի հետ սահմանը կբացվի Ղարաբաղի խնդրի կարգավորման դեպքում»


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան

Թուրքիան չի բացի սահմանը Հայաստանի հետ այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորվի եւ «Ադրբեջանի տարածքի օկուպացիան» շարունակվի։ Այդ մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Մենք փակել էինք սահմանը, քանի որ գրավված էր ադրբեջանական տարածքը», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի վարչապետը եւ ավելացրել.- «Օկուպացիան պետք է դադարեցվի, այդ դեպքում մենք հեշտությամբ այն [սահմանը] կբացենք, այլապես մենք նման քայլի չենք դիմի»։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը նշում է, որ հայ - թուրքական սահմանի բացումը ամրագրված է անցյալ տարվա հոկտեմբերին 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրություններում։

Միաժամանակ, Վաշինգտոն է մեկնում Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների ընկերակցության (TUSIAD) պատվիրակությունը: Hurriyet օրաթերթի փոխանցմամբ` «այցի ընթացքում թուրք գործարարները իրենց դժգոհությունն են հայտնելու հայերի «ցեղասպանության» ճանաչման հարցում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների առիթով». խոսքը ամերիկյան Կոնգրեսի հանձնաժողովում թիվ 252 բանաձեւին հավանություն տալու մասին է։

Թուրք գործարարները երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին հանդիպելու են Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի, առեւտրի նախարարության, Պետդեպարտամենտի, Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնյաների, ինչպես նաեւ «Բրուքինգզ» հաստատության եւ Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։

Պատվիրակությունը, որը գլխավորում է Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների ընկերակցության նախագահ տիկին Ումիթ Բոյները, կհանդիպի նաեւ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամըք Թանի եւ թուրքական ու ամերիկյան ԶԼՄ-ների հետ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքից թուրք գործարարները կմեկնեն Իսպանիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG