Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Թուրքիան եւ Հայաստանը վավերացնեն արձանագրությունները


ԱՄՆ–ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլի
ԱՄՆ–ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլի

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատանք տանել Հայաստանի եւ Թուրքիայի հետ՝ փնտրելով ճիշտ բանաձեւ եւ ճիշտ ժամկետներ հայ - թուրքական արձանագրությունների վավերացմանը հասնելու համար։ Այս մասին ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին։

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարի ու Թուրքիայի արտգործնախարարի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայ - թուրքական հարցի քննարկման մանրամասները ներկայացնելու խնդրանքին ի պատասխան` Պետդեպարտամենտի խոսնակն ընդգծել է, որ անցնող շաբաթվա ընթացքում կարեւոր քննարկումներ են եղել երկու կողմերի հետ։ «Եվ մենք շարունակելու ենք փնտրել ճիշտ բանաձեւ` աշխատելով երկու երկրների հետ»,- ասել է Քրոուլին:

Նա նշել է, որ հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացը կանգ էր առել, անցած աշնանից, երբ կողմերը հարաբերությունները նորմալացնելու արձանագրություններ ստորագրեցին:

«Մենք գիտենք, որ սա դժվարին գործընթաց է: Մենք գիտենք, որ երկու կողմերի համար սա զգայուն խնդիր է, պարունակում է ռիսկեր, եւ մենք շարունակելու ենք կառուցողական աշխատանքը Հայաստանի ու Թուրքիայի հետ՝ փորձելով առաջ տանել գործընթացը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Քրոուլին խուսափողական պատասխան է տվել այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը աշխատանք տանում է Ադրբեջանի հետ, որպեսզի մեղմի այդ երկրի բացասական դիրքորոշումը հայ - թուրքական մերձեցման վերաբերյալ։

Պետդեպարտամենտի խոսնակը միայն անդրադարձել է ղարաբաղյան բանակցություններին՝ ասելով. - «Հստակ է, որ մենք նաեւ աջակցում ենք Մինսկի խմբի գործընթացին, որը վերաբերում է Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG