Մատչելիության հղումներ

Բակիեւը պաշտոնապես հրաժարական է տվել ու հեռացել երկրից


Թիկնապահները ճանապարհ են բացում Կուրմանբեկ Բակիեւի` ձախողված հանրահավաքի վայրից հեռանալու համար, Օշ, 15-ը ապրիլի, 2010թ.
Թիկնապահները ճանապարհ են բացում Կուրմանբեկ Բակիեւի` ձախողված հանրահավաքի վայրից հեռանալու համար, Օշ, 15-ը ապրիլի, 2010թ.

Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը պաշտոնապես հրաժարական է տվել եւ հեռացել երկրից: «Այս ողբերգական օրերին գիտակցելով պատասխանատվությունը ժողովրդի ապագայի համար, Ղրղըզստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն` ես հրաժարական եմ տալիս», - Բակիեւի հրաժարականից այս մեջբերումը ներկայացրել է ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան։

Համաձայն ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության` Բակիեւի հեռանալը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների համատեղ ջանքերի արդյունք էր։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ով հիմա Բրազիլիայում է, խոսել է այդ բանակցությունների մասին. - «Ես բանակցություններ եմ վարել ե'ւ Ղազախստանի նախագահի հետ, որը օգնեց լուծելու այս հարցը, ե'ւ մենք երեքով` Միացյալ Նահանգների նախագահի հետ, քննարկել ենք այս հարցը Վաշինգտոնում կայացած համաժողովի ժամանակ, հաշվի առնելով տարբեր շահերի համընկնումը այդ երկրում ու տարածաշրջանում»։

Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, որ ճանաչում են Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը, որի հետ շարունակելու են աշխատել։

«Ակնհայտ է, որ այնտեղ քաղաքական հեղաշրջում է իրականացվել։ Հիմա վեց ամիս ժամկետով գործընթաց է սկսվել, որի նպատակն է ընտրություններ անցկացնելը։ Այժմ դա է մեր ուշադրության ներքո», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը` հավելելով. - «Մենք ցանկանում ենք Ղրղըզստանում տեսնել ժողովրդավարական սահմանադրական գործընթացների վերածնունդ։ Մենք ցանկանում ենք, որ Ղրղըզստանը տնտեսապես բարգավաճելու հնարավորություն ունենա։ Սրանց վրա է մեր ուշադրությունը։ Եվ մենք որեւէ մեկի կողմից չենք»։

Տեղում բանակցություններ վարելու համար Բիշքեկ էր մեկնել Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնական Ռոբերտ Բլեյքը։ Հինգշաբթի օրը Բիշքեկում նա մամուլի ասուլիսում հայտարարել է. - «Միացյալ Նահանգները հավատում է, որ ժամանակավոր կառավարությունը եւ Ղրղըզստանի ժողովուրդը եզակի ու պատմական հնարավորություն ունեն ձեւավորելու ժողովրդավարություն, որը մոդել կլինի Կենտրոնական Ասիայի ու լայն տարածաշրջանի համար»։

«Ազատություն» ռադիոկայանի ղրղըզական ծառայությունը հաղորդում է, որ արդեն նոր սահմանադրության նախագիծ կա, ըստ որի` Ղրղըզստանը դառնալու է պառլամենտական կառավարման պետություն, կառավարությունը ձեւավորելու են ընտրություններում հաղթած կուսակցությունները։

Նոր սահմանադրությունը նախատեսվում է ընդունել երեք ամսից` հանրաքվեով։ Իսկ վեց ամսից նախատեսվում է անցկացնել նախագահական արտահերթ ընտրություններ։

Բակիեւը հեռացավ ապրիլի 7-ին Բիշքեկում հակակառավարական ցույցերի ժամանակ տեղի ունեցած արյունալի բախումների արդյունքում։ Անվտանգության ուժերը զենք կիրառեցին, ավելի քան 80 մարդ սպանվեց։

Ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան ասել է, թե Բակիեւը պետք է կանգնի դատարանի առջեւ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG