Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Թուրքիան համատեղ ֆիլմարտադրություն կսկսեն


Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Ստամբուլի «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ 2010-ի ապրիլի 8-ից 10-ը Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ «Միասին ֆիլմեր նկարահանենք» խորագրով Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատանքային հանդիպումը, որտեղ ամփոփվեց Հայաստանում եւ Թուրքիայում հայտարարված կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի մրցույթը:

Մրցույթին ի սկբանե ներկայացվել է 15 հայկական եւ 40 թուրքական նախագիծ: Յուրաքանչյուր կողմից ընտրված 5-ական նախագիծ ներկայացվել է ստամբուլյան հանդիպմանը, որոնցից միայն 5-ն է արժանացել դրամաշնորհի:

«Ներկայացված ֆիլմերը պիտի վերաբերեին Հայաստանին եւ Թուրքիային, երկու երկրների ներկային եւ անցյալին, այնտեղ ապրող մարդկանց, նրանց հույզերին եւ երազանքներին», - նշեց Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի համակարգող Արծվի Բախչինյանը:

Եռօրյա աշխատանքային հանդիպումների ընթացքում կազմված փորձագետների խումբը հայկական նախագծերից դրամաշնորհի է արժանացրել Դիանա Կարդումյանի «Գալաթա»-ն, Գոռ Բաղդասարյանի «Հարեւանները» եւ Արթուր Սուքիասյանի «Աղավնիների վարպետը» ։ Եւս 2 ֆիլմի նախագիծ ընտրվել է թուրքական կողմից:

Երիտասարդ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Գալաթա»-ն ստամբուլյան մի տեսարանի գեղարվեստական կինոպատկերումն է: Գալաթան Ստամբուլում գտնվող 60 մետր բարձրությամբ աշտարակ է, որի վրայից երեւում է ողջ քաղաքը: Արթուր Սուքիասյանը ներկայացրել է «Աղավնիների վարպետը» ֆիլմը, որը Գյումրիի եւ Կարսի 2 աղավնապահ վարպետների մասին է: Դրամաշնորհի արժանացած Գոռ Բաղդասարյանի «Հարեւանները» նախագիծն էլ ներկայացնում է հայ-թուրքական սահմանին գտնվող երկու գյուղ եւ դրանց բնակիչներին։

Գյուլենգյուլ Ալթընթաշի «Մի կորցրեք երեխաներին» խաղարկային կինոնկարի նախագիծը ներկայացնում է մի դրվագ Ստամբուլում գտնված Քեմփ Արմեն հայկական մանկական ճամբարի պատմությունից, ի դեպ ֆիլմի սցենարի հեղինակը պոլսահայ Կարապետ Օրունյոզ է: Թուրքական կողմից ընտրված մյուս նախագիծը հեղինակել են Ջեմ Օզթուֆենքչին եւ Մերյեմ Յավուզին` այն կոչելով «Ողջույն Հակոբից Շուքրուին»: Սա պատմություն է հայ-թուրքական սահմանին աշխատող հայ եւ թուրք երկաթուղայիննների մասին։

Նախատեսվող 5 կարճամետրաժ ֆիլմերը կլինեն «Ոսկե ծիրանի» եւ «Անադոլու Քյուլթուրի» համատեղ արտադրությունը։ Նկարահանումները նախատեսվում է ավարտել մինչեւ 2011 թվականի հունվարի 30-ը։
XS
SM
MD
LG