Մատչելիության հղումներ

Վերաբացվեց Երեւանի պետական ճարտարագիտական քոլեջը


Երեւանի պետական ճարտարագիտական քոլեջը մեկն է Եվրոպական Միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված եւ մրցութային կարգով ընտրված այն 12 բազմագործառութային քոլեջներից, որոնց ցանկը վարչապետի որոշմամբ հաստատվել է դեռ 2007-ին: ԵՄ-ի հատկացրած գումարներով վերանորոգվել են հասաարկական սնդի, զարդակիրառական արվեստի, թարգմանության եւ գործավարության, հասարակական սննդի սպասարկման ու մի քանի այլ բաժինների լսարանները, դրանք նաև համալրվել են համապատասխան գույքով եւ լաբորատոր սարքերով:

Այս քոլեջում կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ խոհարարի, բարմենի, մատուցողի, հրուշակագործի, վարսահարդարի, դիմահարդարի եւ մի քանի այլ մասնագիտությունների գծով: Հանրապետության ժողովրդական դերասան Արմեն Սանթրոսյանը դասավանդում է քոլեջի դերասանական բաժնում, որն այստեղ բացվել է այս տարի: Կուրսում առայժմ կա 5 ուսանող:

Միջին մասնագիտական այս քոլեջի բացման արարողությանը ներկա էր նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում խոսքով` նախնական մասնագիտական ոլորտը պետք է ստանձնի տնտեսական ոլորտում համապատասխան մասնագետներ պատրաստելու գործը:

«Ամեն աշխատանք չէ, որ պահանջում է բարձրագույն կրթություն: Կարծում եմ` երիտասարդները պետք է մասնագիտության ավելի պրագմատիկ ընտրություն կատարեն, որպեսզի ավարտելուց հետո կարողանան աշխատանք գտնել: Քոլեջների նկատմամբ մեր ուշադրությունը նաև պայմանավորված է տնտեսությանը լավագույնս սպասարկելու ցանկությամբ», - նշեց Աշոտյանը:

«Մասնագետ պատրաստելուց բացի, պետք է նաև մտածել այդ մասնագետներին աշխատանքի տեղավորելու մասին. ցավոք պետական հաստատությունները հաճախ աշխատանքի են ընդունում պատահական մարդկանց», - ընդգծում է Պետական ագրարային համալսարանի քոլեջի տնօրեն Արամ Հովհաննիսյան

Երեւանի պետական արդյունաբերական քոլեջի տնօրեն Աղասի Սարգսյանն էլ պնդում է, որ լավ պատրաստված մասնագետ դառնալու եւ հաջող աշխատանք ունենալու համար ուսանողին նաև գործնական ուսուցում է հարկավոր:

Երեւանի պետական ճարտարագիտական քոլեջի վերաբացման հետ մեկնարկեցին նախնական մասնագիտական ոլորտի ուսումնական հաստատություների տնօրենների եւ վարչական աշխատողների վերապատրաստման դասընթացները, որոնց մասնակցում է շուրջ 1500 մասնագետ:

XS
SM
MD
LG