Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում տեղի ունեցավ Արթուր Մկրտչյանի վիրտուալ թանգարանի շնորհանդեսը


Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ատենախոսության եւ վիրտուալ թանգարանի շնորհանդեսը:

Վիրտուալ թանգարանի հեղինակ Արմեն Ռաքեջյանի կարծիքով, 1992 թվականին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած Արթուր Մկրտչյանին Լեռնային Ղարաբաղում «արդեն քչերն են հիշում». - «Նկատելի է, որ ընդհանրապես մարդիկ անունը լսել են, դժվարանում են ասել, թե ինչ պաշտոն է զբաղեցրել այս մարդը»:

«Այսօրվա դրությամբ, բոլոր արխիվային նյութերը սփռված են տարբեր վայրերում, շատ դժվար է հավաքել նկարները, հոդվածները, վիդեոները», - հավելեց Ռաքեջյանը:
Վ
իրտուալ թանգարանը ստեղծվել է մի խումբ կամավորականների ջանքերով:

«Ցանկությունը եղել է, եւ կարողացել ենք 4 ամսում սա կազմակերպել», - ասաց Ռաքեջյանը:

Արթուր Մկրտչյանի ատենախոսությունը, որի ռուսալեզու տարբերակը այսօր ներկայացվեց ընթերցողին, խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի եւ ադրբեջանցիների տարբերությունների ու անհամատեղելիության մասին է:

«Մկրտչյանի ատենախոսությունը սովորական, հերթական ատենախոսություն չէ: Նա այն ժամանակ մեծ խիզախություն ցուցաբերեց՝ ներկայացնելով այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի միջէթնիկական հարաբերությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այսօր Արթուր Մկրտչյանի գիտական ժառանգությունը մոռացության է մատնվել:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ասաց, որ Մկրտչյանի գիտական գործունեւությունը «արժեվորման կարիք ունի». - «Տեղին էր նկատառումը, որ մենք քիչ ենք անդրադառնում Արթուր Մկրտչյանի թողած գիտական ժառանգությանը: Բոլորիս մոտ էլ ափսոսանքի այն խորը զգացումն է, որ Արթուր Մկրտչյանը շատ կարճ ժամանակ կարողացավ զբաղվել պետականության, ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորմամբ, բայց նույնիսկ այս պայմաններում նրա թողած ժառանգությունը այնպիսին է, որ բոլորիս հնարավորություն է տալիս խոսել այդ ամբողջ համակարգի, պատճաշ մակարդակի եւ այն իրականացնելու մեծ պատասխանատվության մասին»:

Այսօր Արթուր Մկրտչյանի մահվան 18-րդ տարելիցն է: Ցայսօր, սակայն, բացահայտված չեն նրա մահվան պատճառները: Կա, իհարկե, ինքնասպանության վարկածը: Բայց, օրինակ, նրա մահված հաջորդ օրը ՀՅԴ-ի «Ապառաժ» թերթում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հղված ցավակցական ուղերձում նրա մահը բնորոշվել էր որպես «չարանենգ սպանություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG