Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեկնաբանում են նախագահ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումները


Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյան
Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյան

Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյանի խոսքով, եթե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս անգամ էլ ապրիլի 24-ին խուսափի արտասանել «ցեղասպանություն» բառը, կնշանակի, որ ամերիկյան վարչակազմը՝ «մեկ անգամ եւս տեղի տվեց թուրքական շանտաժի առջեւ, եւ սա ինչ-որ տեղ կարելի է համարել թուրքական դիվանագիտության ժամանակավոր հաղթանակ»։

Չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Դաշնակցական պատգամավորը, մասնավորապես, ասաց. - «Ես ուզում եմ շեշտել «ժամանակավոր» բառը, որովհետեւ միեւնույն է դա պիտի ճանաչվի, մի օր պետք է ճանաչվի ցեղասպանության փաստը հենց Թուրքիայի կողմից։ Ուրեմն, ինչքան շուտ ճանաչվի, այնքան շուտ մեր հարաբերությունները կդառնան բնականոն»։

Վաշինգտոնում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը դրական գնահատելով՝ Հրայր Կարապետյանը, այդուամենայնիվ, շեշտեց, որ իրենց մտահոգությունները դեռեւս չեն փարատվել: Իրենք դժգոհ են իշխանությունների եւ, մասնավորապես, արտգործնախարարության վարած քաղաքականությունից:

«Արտգործնախարարությունը այսօր նստած սպասում է, թե նախագահը ինչ պիտի ասի, որ իրենք համահունչ ձեւով խոսեն, մեկնաբանություն անեն եւ այլն», - ասաց նա՝ հավելելով, թե ժամանակը Հայաստանի օգտին կաշխատի՝ եթե մենք սկզբունքային լինենք. - «Եթե մենք տարբեր ճկուն դիվանագիտական չակերտավոր խաղերի տակ չզիջենք մեր ազգային պետական շահերը: Հիմա էլ չեզոքացված չեն մեր մտահոգությունները, «որովհետեւ, այնուամենայնիվ, արձանագրությունը խորհրդարանում է, եւ մի օր կարող է մեր հնազանդ մեծամասնության կողմից մատները դրվեն կոճակների վրա»։

Կարապետյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացից դուրս գալու առիթներ եղել են: Օրինակ՝ Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու վերաբերյալ վարչապետ Էրդողանի հայտարարությունը:

«Եթե ապրիլի 24-ից առաջ տեղաշարժեր չլինեն, ի դեպ, դա այս օրերն են, ես կարծում եմ, որ կարելի է մինչեւ ապրիլի 24 ընկած օրերը, քանի որ ունենք օրենսդրական մեխանիզմները, արձանագրությունները չեղյալ հայտարարել», - ասաց Կարապետյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով, նախագահ Սարգսյանի սխալ հաշվարկների պատճառով իշխող վարչախումբը ձախողվեց՝ չկարողանալով հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացը տարանջատել ղարաբաղյան խնդրից։

«Թուրքիան ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հետեւողականորեն եւ հստակորեն հայտարարում է, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը չի կարող առաջ գնալ եւ չեն վավերացվի այդ արձանագրությունները, մինչեւ առաջընթաց չլինի Ղարաբաղի հարցում», - ասաց Զուրաբյանը. - «Հանդիպումները ցույց տվեցին, որ Հայաստանը շատ ավելի խոցելի է միջազգային ճնշումների առջեւ, քան Թուրքիան։ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության հիմնական ձախողումը հենց դրա մեջ է»։

Ըստ Զուրաբյանի, Սերժ Սարգսյանի «սխալ հաշվարկների ապացույցներից է այն, որ «թեեւ նախօրոք Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե Թուրքիայի հետ չի պատրաստվում քննարկել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը, այդուամենայնիվ, ըստ թուրքական լրատվամիջոցների, Սարգսյան - Էրդողան հանդիպման ընթացքում հենց այդ հարցն է քննարկման հիմնական թեման եղել»:

«Սերժ Սարգսյանի հաշվարկը եղել էր այն, որ միջազգային հանրությունը կպարտադրի Թուրքիային հայ-թուրքական հաշտեցման գործընթացը առաջ տանել, եւ նման դեպքում Հայաստանը, փաստորեն, մանեւրի ազատություն կստանար Ղարաբաղի հարցում», - շարունակեց Լեւոն Զուրաբյանը: - «Սերժ Սարգսյանի հաշվարկը եղել է այն, որ, գովասանքի արժանանալով իր ջանքերի համար միջազգային հանրության մեջ, նա իրեն կազատի միջազգային ճնշումներից Ղարաբաղի հարցում: Հիմա կատարվում է դրան ուղղակիորեն հակառակը՝ պրոցեսը կենտրոնանում է Ղարաբաղի խնդրի լուծման վրա: Որովհետեւ ամբողջ աշխարհը այսօր փաստորեն տեսնում է, որ ընդհանրապես այս տարածաշրջանային պրոցեսները տեղից շարժելու միակ ձեւը դա է: Հիմա ահագնանալու են ճնշումները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG