Մատչելիության հղումներ

Էրդողանն ակնկալում է, որ Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում չի արտասանի ցեղասպանություն բառը


«Մինչ օրս Միացյալ Նահանգների որեւէ նախագահ ցեղասպանություն բառը չի արտասանել, եւ, կարծում եմ, Բարաք Օբաման էլ չի արտասանի», - CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Ես դա եմ ակնկալում», - ասել է Էրդողանը` պատասխանելով CNN-ի հեղինակավոր լրագրող Քրիշյան Ամանփուրի այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան հավաստիացումներ է ստացել այն մասին, որ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չի օգտագործելու ցեղասպանություն բառը։

«Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ ապագայում երբեւէ Թուրքիան փոխի իր տեսակետը եւ մյուս երկրների, օրինակ` Ֆրանսիայի նման ընդունի ցեղասպանությունը», - Ամանփուրի հարցին էրդողանը միանշանակ պատասխանել է` ոչ։ «Որեւէ մեկը Թուրքիայից նման բան չպետք է ակնկալի։ Մենք կարող ենք ազնիվ ճանապարհով կարգավորել այս խնդիրը», - ասել է էրդողանն ու ներկայացրել լուծման այն ճանապարհը, որը շարադրել է նաեւ Հայաստանի ղեկավարներին հղած նամակներում։

«Ինչպես իմ նամակում էի ընդգծել, որեւէ ազգ, որեւէ ժողովուրդ չպետք է մյուսին պարտադրի պատմության այն տարբերակը, որն ինքն է հիշում։ Թուրքիան չի փորձում նման քայլի դիմել, որեւէ մեկն էլ չպետք է Թուրքիային պարտադրի պատմության իր տարբերակը։ Մի սպասեք, թե մենք դա կընդունենք», - նշել է Ռեջեփ էրդողանը եւ հերթական անգամ ներկայացրել Թուրքիայի մեկնաբանությունը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ. - «Դա ապստամբությունների ժամանակաշրջան էր, եւ ցեղասպանության հարց այստեղ ամենեւին գոյություն չունի։ Զոհվել են մարդիկ, եղել են սպանություններ, բայց կարեւորն այստեղ այն է, որ մենք ուսումնասիրենք արխիվները, պատմական փաստաթղթերը, աշխատենք դրանց վրա»։

«Եթե այդ ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ իրոք նման բան է եղել, մենք այն ժամանակ կքննարկենք այդ հարցը», - հավաստիացրել է Թուրքիայի վարչապետն ու պնդել, թե ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվել են նաեւ բազմաթիվ թուրքեր, եւ եթե կողմերը պատմական ուսումնասիրություններ չկատարեն, այդ հարցն այդպես էլ բաց կմնա։

«Թուրք ժողովուրդն էլ է տառապանքներ կրել, եւ որեւէ մեկը չպետք է դա անտեսի։ Այնժամ` ո՞վ է այդ հարցին անդրադառնալու, ո՞վ է աշխարհին պատմելու, որ թուրք ժողովուրդն էլ է բազմաթիվ զոհեր տվել այդ իրադարձությունների ընթացքում», - հարցրել է Թուրքիայի վարչապետը CNN-ի հեղինակավոր լրագրողի հետ զրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG