Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա. «Միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի` կանխելու միջուկային ահաբեկչության վտանգը»


«Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ միջուկային ահաբեկչության վտանգը կանխելու համար», - դիմելով վաշինգտոնյան գագաթնաժողովի մասնակիցներին` երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Նրա խոսքով` 47 պետությունների ղեկավարների մասնակցությամբ ընթացող այս հավաքը «աննախադեպ միջոցառում է` նվիրված աննախադեպ սպառնալիքներին»:

«Միջուկային նյութերը, որ կարող են վաճառքի հանվել կամ գողացվել` հետագայում միջուկային զենք ստանալու համար, առկա են աշխարհի տասնյակ պետություններում: Պլուտոնիումի փոքրիկ չափաբաժինն անգամ, ասենք` մի խնձորի չափ, կարող է սպանել եւ հաշմանդամ դարձնել հարյուր հազարավոր անմեղ մարդկանց: Ահաբեկիչները, օրինակ` «Ալ-Քաիդա»-ն, այսօր ջանք չեն խնայում միջուկային զենք ստեղծելու համար: Եթե մի օր ահաբեկիչներին հաջողվի հասնել այդ նպատակին, նրանք հաստատ գործի կդնեն այդ զենքը», - համոզված է Օբաման:

Նրա խոսքով` միջազգային հանրությունը պետք է կարողանա միասնական մեխանիզմ ստեղծել, որը թույլ տա բացառել միջուկային տեխնոլոգիաների անվերահսկելի զարգացումն ու տեղաշարժը:

«Որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ` մենք հնարավորություն ունենք խորացնել մեր համագործակցությունը` ուժեղացնելով այն կառույցները, որոնք թույլ չեն տա, որ միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ բաղադրիչները երբեւիցե հայտնվեն ահաբեկիչների ձեռքում», - ասել է Միացյալ Նահանգների նախագահը:

Այդ կառույցների թվում Օբաման նշել է, նախ եւ առաջ, ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

Սպիտակ տան ղեկավարի գնահատմամբ, սակայն, այսօր աշխարհը հայտնվել է բավական երկիմաստ վիճակում:

«Սառը պատերազմի ավարտից 20 տարի անց մենք տեսնում ենք պատմության դաժան հեգնանքը: Պետությունների միջեւ միջուկային հակամարտության վտանգը նվազել է, փոխարենը` աճել է միջուկային հարձակման վտանգը», - ասել է Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG