Մատչելիության հղումներ

Երիտասարդ երաժիշտների համար Նախագահի մրցանակը պարտավորեցնող է


Սոնա Բարսեղյան եւ Գուրգեն Բավեյան
Սոնա Բարսեղյան եւ Գուրգեն Բավեյան

Օրեր առաջ պարզ դարձավ, որ դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի` 2010 թվականի երիտասարդական մրցանակի են արժանացել Գուրգեն Բավեյանը, Էդուարդ Ներսիսյանը, Սոնա Բարսեղյանը եւ Պետրոս Սիմիդյանը: Նրանցից Սոնան եւ Գուրգենը հյուրընկալվել են «Մաքսլիբերթի»-ի ստուդիայում:

Դաշնակահարուհի Սոնա Բարսեղյանը, ով հաղթել է «Գործիքային կատարում» անվանակարգում, պատմեց, որ հայտն ինքն է ներկայացրել. Հետադարձ հայացք նետելով 2009-ի իր աշխատանքին` ենթադրել է, որ շանսեր ունի եւ չի սխալվել: Սոնան կոնսերվատորիայի 4-րդ կուրսում է սովորում, հիմնականում որպես մենակատար է հանդես գալիս, թեեւ նվագախմբերի հետ էլ է ելույթ ունենում:

Իսկ օպերային երգիչ Գուրգեն Բավեյանը մեկ անգամ էլ է առաջադրված եղել նախագահի մրցանակի, սակայն չի հաղթել: 2009-ը նրա համար հաջողակ էր: Մեկ տարի օպերային թատրոնում որպես մեներգիչ աշխատող Գուրգենը դերեր է մարմնավորել «Անուշ», «Դավիթ Բեկ», «Արշակ Երկրորդ» օպերաներում, առջեւում էլ պրեմիերա է` «Սայաթ Նովա» օպերան: «Երգեցողություն» անվանակարգի հաղթողը նաեւ կոնսերվատորիայի ասպիրանտ է:

Սոնա Բարսեղյան եւ Գուրգեն Բավեյան
«Այս մրցանակը շատ պարտավորեցնող է, ամեն անգամ բեմ դուրս գալուց պիտի դա զգանք: Ճիշտ գնահատվելու զգացողություն ունենք, եթե շահագրգռում ես մի բան, համապատասխան պատասխան կստանաս», - ասում են երաժիշտները:

Նախագահի մրցանակները դեռ երիտասարդների ձեռքերում չեն. մայիսի 13-ին է նախատեսված գալա համերգը, որի ժամանակ ելույթ կունենան նաեւ նախորդ տարիների մրցանակակիրները, իսկ մինչեւ այդ` նույն օրը, երկրի ղեկավարի պարգեւը արդեն փաստաթղթով ամրագրած երիտասարդ երաժիշները դրանք անձամբ նախագահից կստանան նրա նստավայրում:

Սոնա Բարսեղյանն ու Գուրգեն Բավեյանը 2010-ին էլ հագեցած օրակարգ ունեն` համերգներ, հյուրախաղեր:

XS
SM
MD
LG