Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ն նախագահի վաշինգտոնյան հանդիպումներից առաջընթացի սպասելիքներ չունի


ՀՀՇ-ի կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյան
ՀՀՇ-ի կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյան

Ընդդիմադիր Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանի՝ Վաշինգտոնում կայանալիք հանդիպումները դժվար թե ինչ-որ առաջընթաց ապահովեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։

«Միացյալ Նահանգների նախագահը պետք է գտնի ձեւ եւ փորձի խուսափել ապրիլի 24-ին ցեղասպանություն բառը արտասանելուց, եւ սա հնարավորություն է իր համար, կողքին ունենալով Սարգսյան-Էրդողան զույգը, հայտարարելու, որ այս պրոցեսը ընթանում է, ուստի եւ ինքը, չուզենալով խոչընդոտել պրոցեսին, [ցեղասպանություն բառը] չի հայտարարում», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Զուրաբյանը. - «Էրդողանը շատ լավ հասկանում է, որ ինքն էլ իր դիվիդենտն է ստանալու, որովհետեւ նման հայտարարություն չի լինելու։ Թե ի՞նչ է ստանալու Սերժ Սարգսյանը՝ որեւէ մեկը, կարծում եմ, չի կարող գուշակել»։

Արարատ Զուրաբյանի կարծիքով, Վաշինգտոնում կայանալիք հանդիպումների շրջանակում հայ-թուրքական հարաբերությունների կամ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ կապված որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու։

«Համոզված եմ, որ ճնշումներ կլինեն հայկական կողմի վրա Լեռնային Ղարաբաղի հարցում որոշակի զիջումներ իրականացնելու՝ ենթադրենք 5 շրջան հանձնելու եւ այլն։ Համոզված եմ նաեւ, որ Սերժ Սարգսյանը կփորձի գտնել տարբերակ որեւէ բան չստորագրելու։ Սերժ Սարգսյանը իր առջեւ դրած խնդիրը լուծել է, իսկ այդ խնդիրը հետեւյալն է եղել՝ փորձել զերծ մնալ ճնշումներից մարտի 1-ի ոչ դեմոկրատական սկզբունքներով անցկացված ընտրությունների մասով եւ կարողացել է գտնել տարբերակ՝ խուսափել պատասխանատվությունից», - հայտարարեց ՀՀՇ-ի վարչության նախագահը։

Վաշինգտոն մեկնելուց առաջ Տավուշի մարզում Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված Հայաստանի իշխանությունները արդեն ունեն կոնկրետ որոշում։ Նախագահը չհրապարակեց այդ որոշումը՝ ընդգծելով, թե այն կներկայացնեն հանրության դատին, երբ ամբողջովին համոզվեն դրա ճիշտ լինելու մեջ։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք սա նշանակում է, թե Հայաստանը կարող է ետ կանչել իր ստորագրությունները, Արարատ Զուրաբյանն ասաց, թե ընդհանրապես չկիսելով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը ու սխալ համարելով արձանագրություններում պատմաբանների հանձնաժողովի ստեղծման մասին դրույթի ընդգրկումը՝ այնուամենայնիվ կարծում է, որ քաղաքական գիծ որդեգրած գործիչը պետք է շարունակի իրականացնել իր քաղաքականությունը։

«Կարծում եմ, որ վատ չէր լինի մեր երկրի համար, որ հարաբերությունները գնային զարգացման ուղղությամբ, սահմանների բացման ուղղությամբ», - նաեւ ասաց Արարատ Զուրաբյանը։

ՀՀՇ-ի վարչության նախագահը հավելեց, թե Հայաստանը միանշանակ դիվիդենտներ կշահեր, եթե չսպասեր Թուրքիային եւ առաջինը վավերացներ արձանագրությունները։ Ըստ նրա՝ այդ դեպքում պարզ կդառնար, որ Հայաստանը իրոք պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ Թուրքիան իրոք ձգձգում է գործընթացը։

Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանով
Նախագահ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրկին ընդգծեց, որ Հայաստանը կվավերացնի արձանագրությունները միայն Թուրքիայի վավերացումից հետո։

«Մենք տեսնում ենք, որ ապրիլի 24-ին ընդառաջ` Թուրքիայի քաղաքական ղեկավարության տոնայնությունը եւ հռետորաբանության տոնը բավականին փոխվել է. նրանք արդեն հայտարարում են, որ պատրաստ են վավերացնել [հայ - թուրքական արձանագրությունները], որ չեն սառեցնի եւ այլն», - շեշտեց Շարմազանովը։

«Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Նախագահ Սարգսյանը բազմաթիվ անգամներ ցույց է տվել, որ հայկական կողմը հավատարիմ է արձանագրությունների ոգուն, մենք պատրաստ ենք վավերացնել Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո, հիմա կտեսնենք` եթե պարոն Էրդողանի խոսքերը ոչ միայն խոսքեր լինեն, այլ նաեւ վերածվի գործի, ապա մենք կկատարենք այն կարեւորագույն քայլը, որը անհրաժեշտ է ողջ տարածաշրջանի կայունության ամրապնդման համար», - հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG