Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը կրկին հետաձգում է Փաշինյանի հայցի քննությունը


Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարան

Հայաստանի Սահմանադրական դատարանը ուրբաթ օրը վերսկսեց 2008 թվականի հետընտրական իրադարձությունների առնչությամբ 7 տարվա ազատազրկման դատապարտված Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը, որով վիճարկվում են հունվարին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած Ազգային ժողովի պատգամավորի ընտրությունների արդյունքները։

Մարտի 5-ին Սահմանադրական դատարանը որոշել էր ժամանակավորապես կասեցնել անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործչի ներկայացրած բողոքի քննությունը՝ մինչեւ որ Փաշինյանի փաստաբանները հնարավորություն կունենան տեսակցել նրա հետ եւ տեղեկացնեն Սահմանադրական դատարանին, որ պատրաստ են ներկայացնել դիմողի տեսակետները։ Միեւնույն ժամանակ, ՍԴ-ն նշել էր, որ իրավազոր չէ ապահովել Փաշինյանի ներկայությունը դատական նիստին, չնայած վերջինիս փաստաբանների պնդմանը, որ դա Փաշինյանի սահմանադրական իրավունքն է, եւ մի շարք հարցերի վերաբերյալ նրա դիրքորոշումը փաստաբանների համար անհայտ է։

Ուրբաթ առավոտյան Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ իրենք դիմել են ՍԴ-ին գործի քննությունը վերսկսելու համար, քանի որ՝ «այդ գործը չի կարող անվերջ կասեցված մնալ», եւ նշել, թե իրենք արդեն պատրաստ են դատարանին ներկայացնել գործի հետ կապված դիմողի դիրքորոշումը։

Այդուհանդերձ, ուրբաթ օրվա դատական նիստում, երբ ՍԴ-ն անցավ կոնկրետ ընտրախախտումների փաստերի ուսումնասիրությանը, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները՝ նախ Վահե Գրիգորյանը, ապա Վահե Հովսեփյանը, հայտարարեցին, որ այդ փաստերի վերաբերյալ Փաշինյանը կոնկրետ դիրքորոշում ունի, որը հենց նա պետք է ներկայացնի։ Փաստաբանները հայտարարեցին, որ հայտնվել են իրենց համար անակնկալ իրավիճակում, երբ փաստորեն ներքաշվում են Սահմանադրությամբ, օրենքներով սահմանված իրավունքները խախտելու գործընթացի մեջ, եւ, հայտարարելով, որ դադարեցնում են ներկայացնել Նիկոլ Փաշինյանի շահերը, լքեցին դատարանի դահլիճը:

Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը՝ դատարանը որոշեց. - «Գործի դատաքննությունը շարունակել գրավոր ընթացակարգով 2010 թվականի ապրիլի 23-ին։ Պահանջել դիմող եւ պատասխանող կողմերից մինչեւ 2010 թվականի ապրիլի 16-ը Սահմանադրական դատարան ներկայացնել իրենց գրավոր բացատրությունները կամ լրացումները՝ քննության առարկա դիմումի վերաբերյալ»։

Նիկոլ Փաշինյանի կողմից վիճարկվող թիվ 10 ընտրատարածքում անցկացված Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններում հաղթող է ճանաչվել «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը՝ 6850 ձայնով: Նույն ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածու, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը երկրորդն է` 4650 ձայնով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG