Մատչելիության հղումներ

Վրացիները Ղրղըզստանում ռուսական ձեռագիր են տեսնում


Թբիլիսիում պնդում են, որ Ռուսաստանը միջամտում է Ղրղըզստանի գործերին։ Civil.ge վրացական կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն ասել է, որ Վրաստանում մտահոգությամբ են հետեւում Ղրղըզստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Վրաստանի նախագահը համոզված է, որ միայն Ղրղըզստանի ժողովրդին է վերապահված իր իշխանությունների հարցը լուծելու որոշումը։ Չնայած Մոսկվայի հերքումներին, մենք ստանում ենք տեղեկություններ, որոնցից ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը կոպտորեն միջամտում է Ղրղըզստանի ներքին գործերին եւ փորձում է իր աշխարհաքաղաքական խաղերը խաղալ Ղրղըզստանի ժողովրդի հաշվին», - ասել է Մանանա Մանչգալաձեն եւ հավելել. - «Մենք կոչ ենք անում բոլոր ուժերին, այդ թվում նրանց, ովքեր ներկայումս հսկողություն են հաստատել Բիշկեկում, մի' թույլ տվեք օտար ուժերին ձեզ օգտագործել ձեր իսկ երկրի հիմնարար շահերի դեմ»։

Civil.ge լրատվական կայքը նաեւ նշում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան խորհրդական Մայքլ ՄքՖոլը երեկ Պրահայում ասել է, թե այն, ինչ տեղի է ունեցել Ղրղըզստանում, չի կարելի անվանել Ռուսաստանի աջակցությամբ իրականացված հեղաշրջում։

«Դրանք մարդիկ են, ում հետ մենք շփումներ ենք ունեցել տարիների ընթացքում։ Դա ինչ-որ հակաամերիկյան հեղաշրջում չէ։ Մենք դա հաստատ գիտենք։ Եվ դա ռուսները չեն կազմակերպել։ Նման բան ապացուցող փաստեր պարզապես չկան», - ասել է Մայքլ ՄքՖոլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG