Մատչելիության հղումներ

Երեւանում անցկացվում է հայ - թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստը


Երեւանում անցկացվում է հայ - թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի երկրորդ նիստը, որին թուրքմենական կողմից մասնակցում է այդ երկրի փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ, Հայաստանում Թուրքմենստանի նախկին դեսպան Խիդիր Սափարլիեւը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Սափարլիեւը արդյունավետ է գնահատել նիստի աշխատանքը եւ ասել, որ հստակեցվել են տնտեսության, մշակույթի, գիտության եւ կրթության, հումանիտար գործակցության կոնկրետ ուղղությունները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է ընդլայնելու Թուրքմենստանի հետ առեւտրատնտեսական կապերը եւ ակնկալում է, որ միջկառավարական հանձնաժողովը առաջ կմղի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները ընդգծել են, որ Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ չկան քաղաքական տարաձայնություններ, ինչը լավ հիմք է փոխշահավետ հարաբերություններ ձեւավորելու եւ ակտիվ գործակցություն ծավալելու համար:

Սափարլիեւը Սերժ Սարգսյանին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի ողջույնները: Նախագահ Սարգսյանը Հայաստան այցելելու հրավեր է հղել Թուրքմենստանի նախագահին:

Միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում Թուրքմենստանի փոխվարչապետի հետ հանդիպել է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խիդիր Սափարլիեւին ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG