Մատչելիության հղումներ

Կառավարությունը խստացնելու է վերահսկողությունը խոշոր ձեռնարկությունների նկատմամբ


Վարչապետ Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյան

Հետայսու Հայաստանի խոշորագույն ձեռնարկությունները պարտավոր են լինելու անցնել արտաքին աուդիտ եւ միայն վերջինիս եզրակացությամբ են հրապարակելու իրենց ֆինանսական հաշվետվությունները։

Հինգշաբթի օրը կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ չնայած դեռ ճշտումներ են լինելու, սակայն արդեն հայտնի է, որ արտաքին աուդիտ անցնելու են հայաստանյան խոշորագույն 285 ձեռնարկություններ, որոնց հասույթը անցած տարի գերազանցել է մեկ միլիարդ դրամը։

«Մենք ձեզ հետ միասին առաջին անգամ պետք է հետեւենք, որ Հայաստանի Հանրապետության խոշոր ձեռնարկությունները հրապարակային հաշվետվությամբ հանդես գան: Մեզ քննադատում են, որ մենք չենք կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն, եւ ես այդ քննադատության հետ համաձայն եմ: Դա մեծ չարիք է ցանկացած պետության համար, եթե խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորությունների կատարումից», - ասաց Տիգրան Սարգսյանը՝ շարունակելով. - «Դա մեծ չարիք է պետության համար, որովհետեւ խարխլում է պետության հիմքերը, հնարավորություն չի տալիս փոքր ու միջին բիզնեսին զարգանալու»:

Նրա խոսքով, Հանրապետության նախագահն է Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարություններին եւ Կառավարության աշխատակազմին բազմիցս կարգադրել` մեծացնել վերլուծական կարողությունները, որպեսզի հնարավոր լինի բացահայտել այն ոլորտները, որոնք դուրս են մնում հարկերի վճարումից։

«Այս երկու տարվա ընթացքում մենք փորձ ենք կատարել հավաքագրել կադրեր, որոնք ի վիճակի են այդպիսի վերլուծական աշխատանքներ կատարելու, բայց, ցավոք սրտի, դեռեւս կատարված աշխատանքները մեզ չեն բավարարում», - ընդգծեց վարչապետը՝ շարունակելով. - «Մեկ ամսվա ընթացքում Ֆինանսների նախարարությունը պարտավոր է հրապարակել իր վերլուծական աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ համեմատության մեջ ցույց տալով, թե խոշոր հարկ վճարողների ցուցանիշները ինչպիսին են եղել 2008 թվականին, ինչպիսին են եղել 2009 թվականին: Որովհետեւ կա մտավախություն, որ հիմնական հարկային բեռը ճգնաժամային տարվա ընթացքում ընկել է փոքր եւ միջին բիզնեսի վրա, ոչ թե խոշոր բիզնեսի վրա»:

Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, թե պարտադիր արտաքին աուդիտ անցնելը հայաստանյան խոշոր ձեռնարկություններին պարտավորեցնում է դեռեւս անցած տարի ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքը, եւ նշված ընկերությունները պետք է աուդիտորի եզրակացության հետ միասին իրենց ֆինանսական հաշվետվությունը հրապարակեն մինչեւ գալիք հուլիսի 1-ը։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը կասկած հայտնեց, թե նման ճանապարհով կառավարությունը կկարողանա խոշոր բիզնեսին ամբողջովին բերել հարկային դաշտ։

«Որեւէ մեկը դեմ չէ, որ խոշոր բիզնեսը ամբողությամբ լինի հարկային դաշտում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Թեւանյանը՝ շարունակելով. - «Բայց եթե նպատակ է դրվում ոչ թե խոշոր բիզնեսի դաշտը ազատականացնել, նորմալ հարկային դրույքաչափեր սահմանել, այլ խնդիր է դրվում իրականում թաքնված վերաբաշխում իրականացնել սեփականության… Այս նպատակն է, որ չի հայտարարում կառավարությունը, սակայն հենց այդ նպատակն էլ հետապնդում է իրականում»:

Հայաստանում խոշորագույն հարկատուներից մեկի` «Ֆլեշ» ընկերության փոխնախագահ Մուշեղ Էլչյանը ողջունեց խոշոր ընկերություններն արտաքին աուդիտի ենթարկելու կառավարության նախաձեռնությունը` ասելով, թե դա նորմա է ողջ քաղաքակիրթ աշխարհում, այդուհանդերձ ավելացրեց. - «Աուդիտը չի կարող ստիպել, եթե մարդը անբարեխիղճ հարկատու է, գնա հարկեր վճարի»:

Իսկ Միացյալ աշխատավորական կուսակցության նախագահ, խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը տվեց հետեւյալ գնահատականը. - «Վարչապետը ազնիվ չէ՝ նման հիմնավորում բերելով: Դա իրենց մեթոդոլոգիան է՝ ինչ-որ մեկի բողոքները ձեւակերպել որպես հիմնավորում, որպեսզի իրականացնեն մեկ այլ գործողություն: Իրենք ընդամենը բիզնես դաշտն են ստեղծում իրենց կողմից վերահսկվող աուդիտորական ընկերություններին աշխատանք ապահովելու համար»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք կառավարության պատկերացմամբ Պետեկամուտների կոմիտեն վատ է աշխատում, այդ պատճառով էլ խոշոր ընկերությունները պետք է ենթարկվեն արտաքին աուդիտի, որպեսզի պարզվի, թե ինչքանով են նրանք դուրս հարկային դաշտից, Արսենյանը ասաց. - «Եթե իսկապես իրենք այնպես են մտածում, ապա պետք է Պետական եկամուտների կոմիտեի ողջ ղեկավար կազմին փոխեին, որովհետեւ դա ուղղակի նշանակում է, որ Պետական եկամուտների կոմիտեն ու հարկատուները փոխադարձ պայմանավորվածության հիման վրա զբաղված են Հայաստանի Հանրապետությանը խաբելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG