Մատչելիության հղումներ

Նախարարը վստահեցնում է, որ ռուսաստանյան գազի նոր թանկացման շուրջ «բանակցություններ չեն ընթանում»


Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը չորեքշաբթի օրը ասել է, որ Ռուսաստանից ներկրվող բնական գազի սակագնի նոր բարձրացման շուրջ բանակցություններ չեն վարվում:

Նրա խոսքով, Հայաստանը նախատեսում էր անցում կատարել գազի միջազգային գներին 2012 թվականից, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով անցման ժամկետը վերանայվելու է, եւ միջազգային գնով գազը գնելու ենք ավելի ուշ: Մովսիսյանը, սակայն, չնշեց կոնկրետ տարեթիվ։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան
«Իհարկե, դա ծանր է լինելու, հեշտ չի լինելու անցնել նման ռեժիմին», - ասաց Մովսիսյանը՝ հավելելով. - «Բայց ի՞նչ պետք է անել: Եթե գազը ամբողջ տարածաշրջանում ունի այդ գինը, ի՞նչ պետք է անել: Կամ ենթադրենք՝ փորձում ենք, որոշում ենք կայացրել, որ ինչ-որ ձեւով սուբսիդավորել դա: Այդ սուբսիդավորումը ո՞ւմ հաշվին պետք է կատարվի»:

Մամուլում տեղ գտած տեղեկության համաձայն, նախօրեին «Հրազդանի ՋԷԿ»-ում` «Գազպրոմ»-ի Մերձավոր արտասահմանի հետ աշխատանքների վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկին ասել է, թե Հայաստանը պետք է գազը ձեռք բերի «Գազպրոմ»-ի համար եկամտաբեր գնով` մանրամասնելով, թե, օրինակ, Ռուսաստանի հետ միութենական պետության մեջ համարվող Բելառուսը հազար խորանարդ մետր գազը գնում է 200 ԱՄՆ դոլարով, իսկ Հայաստանը այս ապրիլի 1-ից վճարում է 180 դոլար։ Պոդմիշալսկին ավելացրել է, թե «Գազպրոմ»-ը Մոլդովային գազի հազար խորանարդ մետրը վաճառում է 300 դոլարով, Ուկրաինային` 350-ով, իսկ գազի միջին եվրոպական գինը տատանվում է 325-330 դոլարի սահմաններում։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանում ըմբռնումով կմոտենան «Գազպրոմ»-ի գործողություններին։

Հարցին, թե նշվածի կապակցությամբ «Գազպրոմ»-ի հետ արդեն բանակցություններ ընթանու՞մ են, Արմեն Մովսիսյանը արձագանքեց. - ««Բանակցություններ չկան: Դա իրենց մոտեցումն է, որ գազը թե' Ռուսաստանի ներսում, թե' դրսում պետք է նույն գնով վաճառվի»:

Արմեն Մովսիսյանը նաեւ, փաստորեն, չբացառեց, որ Իրան-Հայաստան գազամուղը կարող է հանձնվել «ՀայՌուսգազարդ»-ի բալանսին։

«Կարեւորը նա է, որ գազատարը կա, գոյություն ունի եւ աշխատում է: Թե ում բալանսում կլինի՝ դա էական նշանակություն չունի: Եթե շահագործումը ինչ-որ որոշակի ծախսեր է պահանջում, այդ շահագործումը մասնագիտացված կառույցը, բնականաբար, ավելի էժան կանի, քան ոչ մասնագիտացված կառույցը», - ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ իրանական կողմի հետ նախաձեռնած նավթավերամշակող գործարանի, տերմինալի եւ խողովակաշարի կառուցման ծրագիրը ընթացքի մեջ է, եւ, ըստ ամենայնի, արդեն այս ամառ կսկսվի նավթամուղի կառուցման աշխատանքը։

Մարտի 26-ին Մոսկվայում Արմեն Մովսիսյանը եւ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ստորագրել են փաստաթուղթ` հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի, այսպես կոչված «միջուկային կղզու» սարքավորումների ռեզերվացման մասին։

«Խոսքը վերաբերում է ընդամենը ռեակտորային կղզյակի սարքավորումների ռեզերվացման մասին: Այսինքն՝ որ մենք գնելու ենք ռուսական ռեակտոր, որը որ մինչեւ այսօր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լավագույն ֆիզիկական պարամետրերն ունի, եւ դա բազմիցս հայտարարել ենք մենք, որ օգտագործելու ենք համաշխարհային լավագույն փորձը: Եվ մենք արդեն ռեզերվացնում ենք ռեակտորային կղզյակի սարքավորումները: Մի քանի տարի է պետք դա սարքելու համար: Պայմանագիրը վերջնական կնքելիս՝ արդեն ժամկետները, բաները բոլորը այնտեղ կներառվեն», - պարզաբանեց Արմեն Մովսիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG