Մատչելիության հղումներ

Սուեր Բելասեն. «Մենք չենք աջակցում ոչ մեկին եւ ոչ էլ մյուսին։ Մենք այստեղ ենք մարդու իրավունքների պաշտպանության համար»


Իրավապաշտպաններ Սուեր Բելասենը (աջից) եւ Շիրին Էբադին ընդդիմության հանրահավաքում, 6-ը ապրիլի, 2010թ.
Իրավապաշտպաններ Սուեր Բելասենը (աջից) եւ Շիրին Էբադին ընդդիմության հանրահավաքում, 6-ը ապրիլի, 2010թ.

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասենը չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն անվիճելի է։

«Ես հանդիպել եմ հանրապետության նախագահին` շատ պարզ նպատակով՝ նա է, որ պետք է ինձ լսեր, եւ իմ ուղերձն էր` քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով զոհվածների մահվան հանգամանքների հետաքննությունը, խոսքի ազատությունն ու արդարադատության իրականացումը, այս համատեքստում նաեւ անազատության մեջ գտնվողների նկատմամբ խոշտանգումների բացառումը: Ե՛վ հանրապետության նախագահի, ե՛ւ նաեւ ընդդիմության առաջնորդ Տեր Պետրոսյանի հետ մեր հանդիպումների նպատակը քաղաքական բանտարկյալների խնդիրն էր», - նշեց Բելասենը՝ ընդգծելով. - «Քաղբանտարկյալների առկայությունն անվիճելի է, ես ինքս եմ նրանց այցելել բանտերում, հանդիպել նրանց ընտանիքներին։ Թե քանիսն են՝ հստակ չեմ կարող ասել, բայց նրանք գոյություն ունեն»:

FIDH-ի նախագահը հավելեց, որ ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքին մի պահ միանալը եւ ամբիոնից ելույթ ունենալը եւս նույն նպատակն էր հետապնդում. իրենք հանրահավաքին միացել են ոչ թե նրա համար, որ դա ընդդիմության հանրահավաքն էր, այլ որովհետեւ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը հանրահավաքի առանցքային թեման էր։

«Մենք քաղաքական կուսակցություն չենք, մենք Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն ենք։ Հետեւաբար, մեր նպատակը այդ հանրահավաքին մասնակցելով, քաղաքական բանտարկյալների ազատ արձակումն էր: Մենք նպատակահարմար գտանք դիմել ոչ թե քաղաքական ուժին, ոչ թե իշխանություններին, այլ այնտեղ գտնվող ժողովրդին։ Հանրահավաքում միայն կուսակցականներ չէին, այնտեղ շարքային քաղաքացիներ էին, որոնք անհանգստացած են քաղբանտարկյալների վիճակով: Մենք ցանկանում էինք այդ մասով մեր աջակցությունը հայտնել հավաքվածներին», - հայտարարեց Սուեր Բելասենը եւ հավելեց. – «Մենք չենք աջակցում ոչ մեկին եւ ոչ էլ մյուսին, մենք այստեղ ենք մարդու իրավունքների պաշտպանության համար»։

Որպես Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Բելասենը կարեւորեց այն հանգամանքը, որ համաժողովի ընթացքում մի քանի ընդդիմադիրներ հնարավորություն են ունեցել պաշտոնյաների ներկայությամբ բարձրաձայնել քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը. - «Այնտեղ էին արդարադատության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը եւ մարդու իրավունքների համար պայքարողները կարողացան իրենց պահանջները ներկայացնել: Այդ ամենն անցավ շատ խաղաղ եւ քաղաքակիրթ ձեւով: Սա ժողովրդավարական երկրի պատկեր է՝ այն ինչ մենք ցանկանում ենք»։

Սուեր Բելասենը ողջունելի համարեց նաեւ այն, որ երեկվա հանրահավաքին հազարավոր ցուցարարներ էին մասնակցում, «բայց ոստիկանական ուժեր չկային»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG