Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ ընդհարման հետեւանքով կան զոհեր


Առնվազն 5 մարդ է զոհվել չորեքշաբթի օր Բիշքեկում` Ղրղըզստանի նախագահի նստավայրի մոտ հակակառավարական ցույցի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ ընդհարման ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով:

«Ռոյթերզ» լրատվական գործակալության ֆոտոթղթակիցը հաստատել է ականատեսների վկայությունները, որ բախումներից հետո նախագահական նստավայրի մոտ` կենտրոնական հրապարակում 5 անկենդան մարմիններ կան: «Ասոշիեյթեդ փրես»-ը հաղորդում է 4 զոհվածների մասին: Տեղի հիվանդանոցներից հաղորդել են առնվազն 6 վիրավորների ընդունելու մասին:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցների փոխանցմամբ, կրակոցները հնչել են, երբ հազարավոր ցուցարարներ շրջապատել էին նախագահական նստավայրը եւ պահանջում էին երկրի նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հրաժարականը: Ցուցարարները փորձել են ճեղքել նախագահի նստավայրը պահպանող ոստիկանների եւ զինվորականների շղթան եւ մտնել ներս:

Ավելի ուշ ցուցարարները գրավել են պետական հեռուստատեսության շենքը, ինչի հետեւանքով երկու հեռուստակայաններ եթերազրկվել են:


Երկրի նախագահ Կուրմաբեկ Բակիեւը արտակարգ դրություն է մտցրել մայրաքաղաք Բիշքեկում, Նարին, Տալաս քաղաքներում եւ Չույսկայա շրջանում։ Արտակարգ դրությունը գործում է երեկոյան 10-ից մինչեւ առավոտվա 6-ը:

Չորեքշաբթի ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները ականատես են եղել ցուցարարների կողմից իրավապահների քարկոծմանը, ինչից հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ եւ այլ հատուկ միջոցներ էր կիրառել ցույցը ցրելու համար, ապա օգնության էին հասել զինվորականները:

Նույն օրը դատախազությունը «լուրջ հանցագործությունների» մեղադրանք է առաջադրել ընդդիմության առաջնորդներ` նախկին վարչապետ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւին եւ «Աթա-Մեթեն» կուսակցության ղեկավար Օմուրբեկ Թեքեբաեւին, որոնք ձերբակալվել են նախօրեին: Ընդդիմության առաջնորդներից առայժմ ձերբակալված չէ Ռոզա Օթունբաեւան, ով անցել է ընդհատակ:

Բողոքի բազմամարդ ցույցեր են տեղի ունենում նաեւ երկրի Օշ քաղաքում, Թալաս եւ այլ բնակավայրերում:

Ղրղըզստանի ընդդիմությունը, հազարավոր ցուցարարներ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը` մեղադրելով նրան կոռուպցիայի, ինչպես նաեւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի, մամուլի ազատությունը ճնշելու համար: Ղրղըզստանում հուզումները սկսվել են նախօրեին։

Իրավապահ մարմինները երեկվանից կալանավորում են ընդդիմության ղեկավարներին: Դատախազությունը այսօր ընդդիմադիր մի շարք առաջնորդների մեղադրել է «ծանր հանցագործությունների» համար:

Մինչ բախումները Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ղրղըզստանի իշխանություններին կոչ էր արել թույլատրել ընդդիմադիրների բողոքի խաղաղ ակցիաները ու ձեռնապահ մնալ ուժի կիառումից:

Օրերս Բիշքեկ էր այցելել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա Ղրղըզստանի իշխանություններին քննադատեց մարդու իրավունքները ոտնահարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG