Մատչելիության հղումներ

Կատինում տեղի կունենա խորհրդային իշխանությունների կողմից սպանված լեհերի ոգեկոչման արարողությունը


Կատինի հուշահամալիրը
Կատինի հուշահամալիրը

Ռուսաստանի եւ Lեհաստանի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Տուսկը ժամանում են Սմոլենսկ: Ռուսաստանյան այս քաղաքից ոչ հեռու գտնվող Կատին գյուղում չորեքշաբթի օրը տեղի կունենա 1940 թվականին խորհրդային իշխանությունների կողմից սպանված հազարավոր լեհերի ոգեկոչման արարողությունը:

70 տարի առաջ Lեհաստանի արեւելյան շրջանների գրավումից հետո Քաղբյուրոյի հատուկ որոշմամբ 21 հազար 857 լեհ ռազմագերիներ սառնասրտորեն գնդակահարվեցին` առանց դատարանի վճռի:

Խորհրդային իշխանությունները տարիներ շարունակ պնդում էին, թե լեհ ռազմագերիների սպանությունները իրականացվել են 1941 թվականին` գերմանական հատուկ ծառայությունների կողմից:

Պաշտոնական Մոսկվան իր մեղքն ընդունեց ողբերգությունից գրեթե 50 տարի անց: Այս որոշման ընդունման գործում մեծ էր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանի դերը:

«Այն ժամանակ մտավախություն կար, որ եթե մենք բացահայտենք ճշմարտությունը, դա կխաթարի Խորհրդային Միության եւ Lեհաստանի հարաբերությունները: Խորհրդային Միության այն ժամանակվա ղեկավարները ինձ խնդրեցին, որ ես մեկնեմ Lեհաստան: Վարշավայում ես հանդիպեցի երկրի ղեկավարության հետ, ընդդիմության ներկայացուցիչներին, եւ այդ շփումների արդյունքում հասկացա` ճշմարտությունը` որքան էլ սարսափելի ու դառը լինի այն, մարդկանց չի կարող տարանջատել: Հակառակը` ճշմարտությունը մերձեցնում է մարդկանց, վստահության մթնոլորտ է ստեղծում», - ասում է Չուբարյանը:

Խորհրդային Միության եւ Ռուսաստանի նախկին ղեկավարները` Միխայիլ Գորբաչովն ու Բորիս Ելցինը, 90-ականներին պաշտոնապես ներողություն խնդրեցին լեհերից Կատինի ողբերգության համար:

Պուտինի նախագահության տարիներին, այդուհանդերձ, Մոսկվայում գերադասում էին շրջանցել այս թեման:

2007 թվականին աշխարհահռչակ լեհ ռեժիսոր Անջեյ Վայդայի «Կատին» ֆիլմը Ռուսաստանի տարածքում գտնվող որեւէ կինոթատրոն կամ հեռուստաընկերություն այդպես էլ չցուցադրեց: Անցած շաբաթ, սակայն, Ռուսաստանի պետական հեռուստաալիքներից մեկը` «Կուլտուրա»-ն որոշեց ցուցադրել «Կատին»-ի ամբողջական տարբերակը:

Ռուսական կողմի դիրքորոշման մեղմացումը վերլուծաբաններից ոմանց հույս է ներշնչում, որ պաշտոնական Մոսկվայի եւ Վարշավայի հարաբերությունները առաջիկայում զգալիորեն կբարելավվեն:

Կատինի ողբերգությունը Ռուսաստանի համար ոչ միայն պատմական, այլեւ իրավաբանական խնդիր է: Կատինում սպանված 34 լեհ ռազմագերիների ժառանգները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` Ռուսաստանի իշխանություններից պահանջելով ռեաբիլիտացնել իրենց հարազատներին եւ վճարել խորհրդանշական փոխհատուցում` մեկական եվրո Կատինի անտառում սպանված յուրաքանչյուր լեհ ռազմագերու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG