Մատչելիության հղումներ

Ապրիլի 7-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքի առանցքային թեման Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստն էր, եւ հանրահավաքին հաջորդած ազդեցիկ երթը հերթական անգամ ապացուցեց, որ իշխանությունները չեն կարողանալու մարսել այդ փաստը եւ «շրջել այդ էջը»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովը Երեւանում անցկացնելու մասին որոշումն ինչ-որ առումով անակնկալ էր, ինչպես նաեւ անակնկալ էր այն, որ իշխանությունը, կարծես թե, որեւէ խողովակով չէր փորձել խոչընդոտել այդ գաղափարի իրականացմանը կամ հայտնել դրա հանդեպ իր դժկամությունը: Ավելին՝ իշխանությունը երեւի թե հաշվարկել էր, որ Երեւանում նման համաժողովի անցկացումը կարելի է համարել Հայաստանում մարդու իրավունքների մակարդակի բավարարության միջազգային ճանաչում, ինչը, իշխանությունների հաշվարկով, երեւի թե պետք է բարձրացներ հենց իրենց լեգիտիմությունն ու հեղինակությունը: Բայց փաստորեն տեղի ունեցավ անսպասելին, եւ համաժողովի մասնակիցները՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիայի նախագահ տիկին Բելասենի գլխավորությամբ, երեկ եկան եւ ամբողջ կազմով մասնակցեցին ընդդիմության հանրահավաքին»: Թերթն այնուհետեւ եզրակացնում է. - «Այսինքն՝ այն, ինչ իշխանությունն ակնկալում էր ծառայեցնել իր գովազդին, ըստ էության, շրջվեց գլխիվայր, եւ իրավապաշտպանների համաժողովը, փաստորեն, երեկ ընդդիմության հերթական հանրահավաքը վերածեց իշխանությանը հասցված հերթական ապրտակի»:

Նույն թեմային, սակայն՝ բոլորովին այլ դիտանկյունից, անդրադառնում է «Հայոց Աշխարհ»-ը՝ գրելով. - «Տեր-Պետրոսյանը երեկվա ելույթի հենց սկզբում խոստովանեց, թե երեկվա այդ ամբողջ հարայ-հրոցի, ներառյալ միտինգի հետապնդած նպատակը այն է, որ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Երեւանում ընթացող համաժողովի ուշադրությունը հրավիրեն “Հայաստանում մոլեգնող լայնածավալ քաղաքական հալածանքների” վրա։ մի քանի հազար մարդիկ կոկորդով մեկ բղավում են, թե «խոսքի ազատություն չկա», մի քանի հազար հոգի ֆռֆռում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով ու բղավում, թե «հասե՜ք, մեզ հալածում են...»։ Դե, երեւի բռնապետությունը հենց այդպես է լինում»։

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը պատգամավոր Վազգեն Կարախանյանից (ՀՀԿ) փորձել է ճշտել վերջինիս կարծիքը այս օրերին Երեւանում ընթացող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի համաժողովի մասին: Թղթակիցը, մասնավորապես, հիշեցրել է, թե «ՄԻՄՖ-ի ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններից պահանջում են ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»: Կարախանյանը պատասխանել է. - «Ես քաղբանտարկյալ հիշում եմ սովետական տարիներից, ի՞նչ բան է քաղբանտարկյալ: Հիմա, երբ մենք ունենք անկախ պետություն, ճիշտն ասած, իմ համար անհասկանալի է, ինչ բան է քաղբանտարկյալ: Դժգոհություններ կարող է լինեն իշխանություններից, մարդկանց վերաբերմունքից, ռեժիմից, հազար ու մի բանից, որ մենք էլ ունենք, բայց քաղբանտարկյալ հասկացությունը, ես կարծում եմ, պետք է ճշտվի՝ ինչ բան է դա»:

«Առավոտ» թերթի հետ զրույցում Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ասում է. - «Քոչարյանի վարչապետության կամ նրա քաղաքական ռեանիմացիայի ջատագովներին հիշեցնեմ, որ հենց Քոչարյանի իշխանության օրոք է տեղի ունեցել 1999 թվականի հոկտեմբերի 27-ի կազմակերպված ահաբեկչությունը, հենց Քոչարյանի հրամանով են իրականացվել 2004 թվականի ապրիլի 12-ի եւ 2008 թվականի մարտի 1-ի հանցագործությունները: Քոչարյանով մտահոգված մոլորյալներին ու գայթակղվողներին հիշեցնում եմ Սուրբ գրքի հետեւյալ տողերը. «Գայթակղությունը պետք է գա, բայց վայ նրանց, որոնց ձեռքով կգա գայթակղությունը»: Հայաստանը պետք է մեկընդմիշտ ազատել Քոչարյանի ուրվականից»: Նույն հարցազրույցի մեկ այլ հատվածում Դալլաքյանը նշում է. - «Ես վստահ եմ, եթե չլիներ մարտի 1-ը, ի դեմս Սերժ Սարգսյան - Լեւոն Տեր-Պետրոսյան միանգամայն հնարավոր «ուժեղ իշխանություն - ուժեղ ընդդիմություն» բանաձեւի՝ սկիզբ կդրվեր Հայաստանում իրական բարեփոխումներին: Քոչարյանը հույս ուներ, որ մարտի 1-ին ներիշխանական հնարավոր դավադրությամբ՝ ազգայնական, սոցիալական եւ այլ լոզունգներ առաջադրելով, հարմար պահին իրեն կաջակցեն պրոքոչարյանական պատգամավորները: Կարծում եմ՝ սա էր Քոչարյանի հաշվարկը, եւ նրա այսօրվա հայտնության վարչապետական մինիմում ծրագրի էությունը: Սակայն Քոչարյանի հաշվարկում հաշվի չէր առնվել, որ Սերժ Սարգսյանը դիմակայող գործիչ է եւ Քոչարյանի ակնկալած թույլ իրավահաջորդը չէ»:

«Կապիտալ» թերթում կարդում ենք. - «Հայաստանը պետք է գազը ձեռք բերի «Գազպրոմի» համար եկամտաբեր գնով: Նման հայտարարություն է արել «Գազպրոմի» Մերձավոր արտասահմանի հետ աշխատանքների վարչության պետ Անատոլի Պոդմիշալսկին, որը երեկ «ՀայՌուսգազարդի» ղեկավարության հետ այցելել էր «Հրազդանի ջէկ»: Պոդմիշալսկին ասել է, թե Հայաստանը շարունակում է գազը ձեռք բերել արտոնյալ պայմաններով։ «Ինչպես Ռուսաստանը, Հայաստանը չի կարող միշտ միեւնույն տեղում գտնվել եւ պետք է անցնի գազի եկամտային գնի»,- ասել է «Գազպրոմի» պաշտոնյան` հիշեցնելով, որ 2006թ. Հայաստանը երեք տարի շարունակ ռուսական գազը գնում էր 110 ԱՄՆ դոլարով (1000 խմ), անցած տարվա ապրիլի 1-ից՝ 54 դոլարով, իսկ այս տարվա ապրիլի 1-ից՝ 180 դոլարով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG