Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Սերժ Սարգսյանը շուտով սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու հինգ շրջանները»


«Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտագործում նրա սահմանումը, ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը», - ընդգծեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ելույթ ունենալով երեքշաբթի օրը ընդդիմության հրավիրած հանրահավաքում:ԼՐԱՑՎԱԾ

«Անշուշտ, սա մի կողմից Հայ ազգային կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ - թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով», - ասաց Տեր-Պետրոսյանը։

Հաջորդ ուշագրավ երեւույթը, ըստ նրա, «իշխանական ճամբարում նկատվող աննախադեպ խուճապն է եւ դրա հետեւանքով սկիզբ առած ներքին գզվռտոցն ու ինքնահոշոտման գործընթացը»:

«Ավազակապետությունն ունի խուճապահար լինելու երկու ակնհայտ պատճառ. առաջին՝ տնտեսական վիճակի բարելավման լիակատար անկարողությունն ու սոցիալական դժգոհության ահագնացող վտանգի գիտակցումը, եւ երկրորդ՝ Ղարաբաղի խնդրի աղետալի հանգուցալուծման վերահաս իրողությունը», - ասաց Տեր-Պետրոսյանը:

«Հակառակ թվացյալ հրատապությանը, ներկա պահին անիմաստ ու ավելորդ է խոսել հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման մասին, քանի որ այն, ինչպես 2008 թվականի հոկտեմբերից ի վեր բազմիցս պնդել ենք, կախված է բացառապես Ղարաբաղի խնդրի լուծումից կամ, ավելի ճիշտ, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում էական տեղաշարժի արձանագրումից։ Իսկ էական տեղաշարժ հասկացության տակ, Մինսկի խմբի համանախագահների միջեւ գոյացած կոնսենսուսի համաձայն, այսօր հասկացվում է ոչ այլ ինչ, եթե ոչ հինգ շրջանների անմիջական վերադարձը Ադրբեջանին, անորոշ թողնելով ապագայում լուծվելիք մնացյալ սկզբունքային հարցերը, ինչպիսիք են, մասնավորապես, խաղաղապահ ուժերի կամ դիտորդների տեղակայումը, Լաչինի միջանցքի ռեժիմը եւ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը», - հայտարարեց առաջին նախագահը` մանրամասնելով. - «Այսինքն, հայկական կողմը կատարում է միանգամայն շոշափելի, կարելի է ասել, նյութական զիջում, դրա դիմաց ստանալով միայն դատարկ ու չերաշխավորված խոստումներ, եթե, իհարկե, հաշվի չառնենք հաղորդակցության ուղիների մասնակի ապաշրջափակումը եւ հայ - թուրքական սահմանի բացումը»։

«Որպես հայկական կողմին արվող գրեթե համարժեք փոխհատուցում, շատ է խոսվում տարածքների վերադարձից հետո Ղարաբաղին շնորհվելիք միջանկյալ կարգավիճակի մասին, [որի] էությունն, ըստ երեւույթին, պարզապես կայանալու է նրանում, որ Ղարաբաղի չճանաչված իշխանություններն այսուհետեւ ճանաչված են համարվելու», - համոզված է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Իսկ այն լրացուցիչ հանգամանքը, որ Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես մեծապես շահագրգռված են այդ հարցում, եւ վերջինս նաեւ պաշտոնապես համաձայնել է համանախագահ երկրների մշակած ծրագրին կամ, այսպես կոչված, «Մադրիդյան նորացված առաջարկին», ավելի է բարդացնում հայկական կողմի առանց այդ էլ բարդ վիճակը», - ասաց նախկին նախագահը:

«Սերժ Սարգսյանը, հետեւաբար, կանգնած է դժվարին, եթե ոչ ճակատագրական երկընտրանքի առջեւ, այն է՝ կա՛մ ստորագրել առաջարկված համաձայնագիրը, դրանով հարուցելով սեփական ժողովրդի ցասումը, կա՛մ՝ ժամանակ շահելու համար մերժել այն՝ դրանով էլ գրգռելով միջազգային հանրությանը», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Իրավիճակի պարադոքսն այն է, որ երկու դեպքում էլ նա, անկասկած, իշխանությունը կորցնելու է. ստորագրելու պարագայում նրան տապալելու են ներքին ուժերը, այդ թվում նախկին ու ներկա կոալիցիոն գործընկերները, իսկ մերժելու պարագայում՝ միջազգային հանրությունը, նրա վերաբերյալ կուտակած առատ կոմպրոմատների օգտագործմամբ, սկսած կեղծված ընտրություններից ու խոցելի լեգիտիմությունից, ավարտած հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի սպանդներով, քաղաքական հալածանքներով, անձնական կոռուպցիայով եւ անվայել հոբբիներով»։

«Թեեւ այլընտրանքների արդյունքը նույնն է լինելու, այսինքն՝ իշխանության անխուսափելի կորուստը», սակայն, ըստ նախկին նախագահի, «Սերժ Սարգսյանն ընտրելու է ոչ թե մերժման, այլ ստորագրման տարբերակը եւ շուտով, կամա թե ակամա, սկուտեղի վրա Ադրբեջանին է հանձնելու Մինսկի խմբի համանախագահության կողմից գրեթե վերջնագրի ձեւով պահանջված հինգ շրջանները». - «Որովհետեւ այդ դեպքում նա կարող է վստահ լինել, որ միջազգային հանրությունից կստանա եթե ոչ իշխանությունը պահպանելու, ապա առնվազն անձնական անձեռնմխելիության եւ ունեցվածքը վայելելու երաշխիքներ, ընդհուպ մինչեւ Նոբելյան մրցանակի շնորհումը եւ քաղաքական ապաստանի տրամադրումը, ինչը բացառված է հակառակ պարագայում»։

Հիշեցնելով 2009 թվականի սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթում իր արտահայտած մտքերը, մասնավորապես` թե «իրադարձությունների ընթացքը բոլորովին այլ կլիներ, եթե Ղարաբաղի ղեկավարությունը, արձագանքելով Կոնգրեսի՝ ժամանակին հնչեցրած ահազանգին, տեր կանգներ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված հակամարտության կողմի իր կարգավիճակին եւ Հայաստանի իշխանություններին արգելեր հանդես գալու իր անունից», «Ղարաբաղի խնդրի կարգավորման աննպաստ ընթացքը շրջելու առումով շատ ավելի մեծ նշանակություն կունենար Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձեւավորումը», եւ «իշխանափոխությունը Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն գործելու եւ նրա վտանգավոր հետեւանքները կանխելու միակ միջոցն է», Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Թեեւ այդ ելույթից անցել է ավելի քան կես տարի, Հայ ազգային կոնգրեսը հիմա էլ գտնում է, որ դրությունը թեկուզ մասնակիորեն շտկելու այլ ճանապարհ գոյություն չունի»:

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, «որոնց համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը, Փարիզում կայացած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանից պահանջել է իրեն վարչապետ նշանակել, իսկ այնուհետեւ հրաժարական տալ եւ այդպիսով հարթել նախագահի աթոռին վերաբազմելու իր ճանապարհը», առաջին նախագահը ասաց. - «Այդ ծրագրին, ըստ երեւույթին, [նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանից բացի] անմասն չեն նաեւ Դաշնակցությունը, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ Ազգային ժողովի նախագահն՝ իր շրջապատով»։

Այդուհանդերձ, ըստ Տեր-Պետրոսյանի, «Քոչարյանի երազանքը դատապարտված է անկատար մնալու, որովհետեւ նախ՝ Սերժ Սարգսյանը նրան երբեք կամովին վարչապետ չի նշանակի, եւ երկրորդ՝ եթե հանգամանքների պարտադրանքով ստիպված էլ լինի նշանակել, միջազգային հանրությունը դա չի հանդուրժի, եւ մինչեւ ամենաերիտասարդ թոշակառուն վարչապետից նախագահ դառնա, կկանգնի Հաագայի դատարանի առջեւ»։

«Կարող է հարց ծագել, թե Քոչարյանի ինչին է պետք նորից նախագահ դառնալ։ Իհարկե, պետք չէր, եթե նա վստահ լիներ, որ Սերժ Սարգսյանը գոնե մինչեւ նախագահական ժամկետի ավարտը կմնա իր պաշտոնին։ Այդ վստահությունը նա չունի եւ սարսափում է այն մտքից, որ կորցնելով Սարգսյանի «տանիքը», որն ստեղծելու համար նույնիսկ տասը մարդու արյան պատասխանատվության տակ է ընկել, կկորցնի ոչ միայն իր իշխանության օրոք ձեռք բերած հսկայական կարողությունը, այլեւ կկանգնի արդարադատության առջեւ։ Այդ սարսափը նա տենդագին կերպով փորձում է փոխանցել նաեւ քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխներին: … Չեմ կարծում, սակայն, թե այս հոգեբուժական սեանսները արձագանք կգտնեն հայոց երեւելիների նուրբ հոգիներում», - հայտարարեց առաջին նախագահը:

«Այսպիսով, ո՛ր կողմից էլ դիտարկելու լինենք, ավազակապետության հիմնովին փտած նավը բոլորիս աչքի առջեւ խորտակվում է։ Ամբողջ խնդիրն այն է, որ հանցավոր վարչախումբը, իր հետ միասին, չխորտակի նաեւ Ղարաբաղն ու Հայաստանը», - ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

«Մեր տեղն այս զգայուն իրավիճակում մենք տեսնում ենք խնդիրներն ավելի չբարդացնելու, արտաքին ճնշումների սաստկացմանը չնպաստելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու, մի խոսքով՝ վնասները վերահսկելու կամ նվազագույնի հասցնելու (damage control) դերում, որքան էլ իշխանություններն անհաղորդակից մնան Հայաստանի եւ Ղարաբաղի առջեւ կանգնած մարտահրավերները դիմագրավելու նպատակով ազգային համերաշխության հաստատմանը միտված մեր անկեղծ ձգտմանը», - հայտարարեց առաջին նախագահը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հաջորդեց ընդդիմության հանրահավաքին միացած` Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենի եւ ֆեդերացիայի համաժողովի այլ մասնակիցների ելույթներին:

Բելասենը իր ելույթում ե'ւ արտասանեց «քաղբանտարկյալ» տերմինը` կոչ անելով «ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին», ե'ւ հայերենով վանկարկում էր` «Ազատությո'ւն»:

Մարդու իրավունքների ֆրանսիական լիգայի նախագահ Ժան-Պյեր Դյուբուան էլ հայտարարեց, թե Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ ե'ւ ցեղասպանության ճանաչման հարցում, ե'ւ ազատության հարցում:

Իսկ իրանցի իրավապաշտպան, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին էլ հավելեց, որ անձամբ եղել է քաղբանտարկյալ եւ շատ լավ գիտե, թե ինչ է դա:

Ելույթներից հետո նրանք ցուցարարների ծափահարությունների ներքո հեռացան:

Հանրահավաքն ավարտվեց երթով, որի մասնակիցները շարժվեցին Երեւանի կենտրոնական փողոցներով մինչեւ Հյուսիսային պողոտա:

Ընդդիմության հաջորդ երթը նախատեսված է ապրիլի 16-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG