Մատչելիության հղումներ

«Թուրքիան թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանը հայտնվի դիվանագիտական մեկուսացման մեջ»


Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ Անկարան թույլ չի, որպեսզի Ադրբեջանը հայտնվի դիվանագիտական մեկուսացման մեջ: Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բուրաք Օզուգերգինը:

Թուրքական Hurriyet-ը երեկվա համարում գրել էր, որ Օբամայի վարչակազմը անում է հնարավորը, որպեսզի Ադրբեջանը որեւէ կերպ չմիջամտի եւ չխոչընդոտի հայ-թուրքական հաշտեցման գործընթացին:

«Վաշինգտոնյան գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Թուրքիայի Վրաստանի ղեկավարները, սակայն Ադրբեջանն այդ ցանկում չկա», - գրել է թուրքական թերթը:

Այսօր արդեն Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կտրականապես հերքել է Ադրբեջանի դիվանագիտական մեկուսացման հնարավորությունը:

«Թուրքիան չի էլ քննարկում Ադրբեջանը գործընթացից որեւէ կերպ դուրս թողնելու հավանականությունը», - Hurriyet-ի անգլալեզու տարբերակին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Բուրաք Օզուգերգինը` հավելելով. - «Ադրբեջանը Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի մի անբաժան մասնիկն է»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հնարավոր մասնակցությանը վաշինգտոնյան գագաթնաժողովին` Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչ Դեբորա Գվիդո Օ-Գրեյդին ասել է. - «Մենք դեռ չենք հրապարակել Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի մասնակիցների ամբողջական ցանկը»։

Խոսելով մամուլում հայտնված տեղեկությունների մասին, թե իբր Ադրբեջանը միտումնավոր կերպով դուրս է մղվել այս միջոցառման մասնակիցների ցանկից՝ դիվանագետը հավելել է. - «Նման պնդումները կոռեկտ չեն: Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները սերտորեն համագործակցում են մի շարք խնդիրների, այդ թվում՝ Մինսկի գործընթացի շուրջ: Նույնը կարող եմ ասել տարածաշրջանի մյուս պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Հայաստանի մասի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG