Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Գլխավոր հարցը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն է»


Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել: Այդ մասին երեքշաբթի օրը ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով Der Spiegel-ին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը:

Գերմանական հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը ասել է, մասնավորապես, որ «եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ապա մի քանի ժամվա ընթացքում հնարավոր կլինի լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը»:

Պատասխանելով այդ առնչությամբ լրագրողի հարցին` «հայկական դիրքորոշման մեջ ինչ-որ փոփոխությո՞ւն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչման հարցում», հաշվի առնելով, որ ըստ Մադրիդյան սկզբունքների բացահայտված կետերի`«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է սահմանվի իրավականորեն կամարտահայտության միջոցով», Նալբանդյանը նաեւ ընդգծել է. - «Մենք բազմիցս հայտարարել ենք, եւ ոչ միայն մենք` եռանախագահներն էլ են հասկանում, որ գլխավոր հարցը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման դա Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրագործումն է: Համապատասխան այդ կոնտեքստին, հանրապետության նախագահի հայտարարությունը խոսում է հենց դրա մասին: Եվ եթե այդ գլխավոր հարցը լուծում գտնի, մնացած հարցերը ավելի դյուրին կլինի քննարկել եւ որոշումների ու լուծումների գալ»:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Էդվարդ Նալբանդյանը արտգործնախարարը խոսել է նաեւ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության մասին` վստահեցնելով, որ այն «շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկը»:

«Եվրամիությունը Հայաստանի համար հանդիսանում է վստահելի քաղաքական եւ տնտեսական գործընկեր: ՀՀ-ԵՄ հարաբերությունները ներկայումս գտնվում են վերընթաց զարգացման փուլում, համագործակցությունը Եվրամիության հետ նոր որակական մակարդակի վրա է դրվել Արեւելյան գործընկերության մեկնարկով», - շեշտել է Հայաստանի արտգործնախարարը եւ հավելել. - «Այս առումով հայկական կողմը հատկապես կարեւորում է ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը եւ ասոցիացման համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG