Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը այցելում է Ֆրանսիա


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան

Երեքշաբթի օրը մեկնարկում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի երկօրյա այցը Ֆրանսիա` երկիր, որը շարունակում է լրջորեն դեմ արտահայտվել եվրոպական ընտանիքին պաշտոնական Անկարայի լիիրավ անդամակցությանը։

Այցից առաջ պաշտոնական Փարիզը վերահաստատել է այս դիրքորոշումը, միեւնույն ժամանակ ընդգծելով, թե կցանկանար երկկողմ բանակցություններում կենտրոնանալ հարաբերությունները սերտացնելու, ոչ թե առկա տարաձայնությունները խորացնելու վրա։

«Սարկոզի - Էրդողան հանդիպումը հնարավորություն կտա քննարկել Աֆղանստանին, Մերձավոր Արեւելքին եւ Իրանին վերաբերող հարցեր», - անցած շաբաթավերջին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունն ու ընդգծել. - «Հանդիպումներում պաշտոնական Փարիզը եւս մեկ անգամ կհաստատի իր աջակցությունը հայ - թուրքական հաշտեցման գործընթացին»։

Փորձագետների համոզմամբ` Սարկոզի - Էրդողան բանակցությունները բավական դժվար են անցնելու: «Թերեւս հենց դա է պատճառը, որ երկու ղեկավարները որոշել են հանդիպումից հետո համատեղ ասուլիսով հանդես չգալ», - «Ֆրանսպրես» գործակալությանը ասել է թուրք վերլուծաբաններից մեկն ու ընդգծել. - «Թե' մեկի, թե' մյուսի` ամեն ինչ բաց, երեսին ասելու բնավորությունը որոշակի մտահգությունների տեղիք է տալիս, եւ Փարիզը կարծես ուզում է խուսափել նրբին հարցերի շուրջ հրապարակային բանավեճից»։

Ընդամենը մի քանի ամիս առաջ Թուրքիայի վարչապետը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել էր. - «Սարկոզին երբեմն անխոհեմ հայտարարություններ է անում, սակայն մեզ համար նրա խոսքերը նշանակություն չունեն. մենք կշարունակենք դեպի [Եվրամիությանը] լիիրավ անդամակցություն տանող ճանապարհը։ Դա մի նպատակ է, որն իրագործելու մասին Թուրքիան երազում է արդեն կես դար»։

Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից բացի, էրդողանը եւս մեկ կարեւոր հանդիպում կունենա, այս անգամ` Ֆրանսիայում բնակվող թուրքական համայնքի հետ։ Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ հայկական, արաբական եւ պաղեստինյան մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն մուտքի թույլտվություն չեն ստացել։ «Առանց հրավիրատոմսի որեւէ մեկը ներս մտելու հնարավորություն չի ստանա», - հաղորդում է թուրքական Hurriyet-ն ու հավելում, որ հանդիպմանը կմասնակցի շուրջ 6 հազար թուրք` Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից ու Հոլանդիայից։

«Ակնկալվում է, որ ինչպես Գերմանիայում, այնպես էլ Ֆրանսիայում` համայնքի հետ հանդիպմանը, էրդողանը հայրենակիցներին կոչ կանի ինտեգրվել, սակայն չմիաձուլվել, եւ ամեն ինչ անել` տեղի քաղաքական, սոցիալական եւ մշակութային կյանքին մասնակցելու եւ Եվրամիությանը Թուրքիայի անդակացությանը աջակցելու համար», - գրել է թուրքական պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG