Մատչելիության հղումներ

Շենգենյան գոտու երկրները սկսում են վիզա տրամադրել միասնական եւ փոփոխված կարգով


Երկուշաբթի օրվանից Շենգենյան գոտում ընդգրկված երկրները մուտքի անցագիր` թույլտվություն կտրամադրեն միասնական եւ փոփոխված կարգով, որը, ըստ եվրոպացի պաշտոնյաների, պետք է էականորեն հեշտացնի վիզա ստանալու գործընթացն ու կրճատի բյուրոկրատական քաշքշուկը։

Նոր օրենսգրքով, մասնավորապես, մինչեւ երեք ամսվա մուտքի թույլտվություն հայցող դիմումատուները պետք է ներկայացնեն միեւնույն փաստաթղթերն ու լրացնեն նույն դիմումի ձեւը` անկախ այն հանգամանքից, թե Շենգենյան գոտում ընդգրկված որ երկիր են ցանկանում մեկնել։

Թեեւ պահանջներն ու պայմանները այսուհետ միեւնույնն են Շենգենյան համաձայնագրին միացած ավելի քան 20 երկրների համար, այդուամենայնիվ, մուտքի թույլտվություն տալ-չտալու որոշումը, ինչպես եւ նախկինում, կկայացնի կոնկրետ այն երկրի հյուպատոսությունը, ուր ցանկանում է մեկնել զբոսաշրջիկը։

Դիմումի քննարկման ժամկետը, ըստ օրենսգրքի, 15 օր է, որից հետո դեսպանատունը հստակ պատասխան պետք է տրամադրի, ընդ որում` մերժման դեպքում նաեւ գրավոր պատճառաբանություն կցի, ինչը, ըստ եվրոպացի պաշտոնյաների, հնարավորություն կտա երրորդ երկրների քաղաքացիներին բողոքարկել այդ որոշումը։ Ճիշտ է, այդ դրույթի կիրարկումը մի շարք օրենսդրական փոփոխություններ կպահանջի Շենգենյան գոտու երկրներից, այդ իսկ պատճառով, այն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից։

Մյուս փոփոխության համաձայն, այսուհետ դիմումատուների բոլոր փաստաթղթերը միանգամից մուտք կարվեն Շենգենյան գոտու միասնական ոստիկանական եւ միգրացիոն համակարգ, ընդ որում` լուսանկարներից բացի այստեղ անպայմանորեն կպահանջեն նաեւ երրորդ երկրների քաղաքացիների մատնահետքերը։

Շենգենյան վիզայի արժեքը, անխտիր բոլոր երկրներ մուտք գործելու համար, կկազմի 60 եվրո, 6-12 տարեկան երեխաների համար՝ 35 եվրո։

Հայաստանի քաղաքացիները նաեւ պետք է ուշադրություն դարձնեն անձնագրերին. այսուհետ շենգենյան վիզա ստանալու համար անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տասը տարին, դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար, բացի այդ` անձնագիրը պետք է ճամփորդության ավարտից հետո եւս առնվազն երեք ամիս վավերական լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG