Մատչելիության հղումներ

«Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումից անցել է 8 տարի


Ճիշտ 8 տարի առաջ` 2002 թվականի ապրիլի 2-ին, «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից։ Անցած տարիների ընթացքում «Ա1+»-ը մասնակցել է հեռարձակման լիցենզավորման 10-ից ավելի մրցույթների եւ բոլոր դեպքերում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ լիցենզիա չի ստացել:

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանի կարծիքով 2003-ի նախագահական ընտրություններից առաջ իրենց հեռուստաընկերությունը փակելը քաղաքական որոշում էր։

«Չէի ասի, որ «Ա1+»-ը ինչ-որ ֆանտաստիկ փոփոխություններ պետք է բերեր այս երկրում, սակայն «Ա1+»-ը ինչ-որ զգաստացում մտցնում էր ղեկավարության մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մովսեսյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2008 թվականի հունիսի 17-ի որոշմամբ հաստատեց, որ «Ա1+»-ի պարագայում խախտվել է հեռուստաընկերության՝ ազատորեն տեղեկություններ եւ գաղափարներ տարածելու իրավունքը եւ Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրեց 30 հազար եվրո վճարել «Ա1+»-ին որպես վնասի եւ դատական ծախքերի հատուցում։

«Ա1+»-ի ղեկավարի պնդմամբ, Հայաստանի իշխանությունները Եվրադատարանի որոշումը միայն մասամբ են կատարել. - «Ակցենտը դրվում է գումարային փոխհատուցման վրա, որը իրենք կատարել են, եւ համարում են, որ բոլոր պարտավորությունները կատարվել են։ Սակայն Եվրախորհուրդը եւ Եվրադատարանը շարունակում են հետեւել [որոշման] կատարմանը, եւ հարցադրումները արդեն բավականին լրջացել են»։

Եվրադատարանի որոշումից ընդամենը ամիսներ անց՝ 2008 թվականի սեպտեմբերի 10-ին, Հայաստանի Ազգային ժողովը լրացում կատարեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում եւ երկու տարով դադարեցրեց հեռարձակման լիցենզավորման մրցույթների անցկացումը՝ երկրում հեռուստատեսության թվայնացման գործընթաց սկսելու պատճառաբանությամբ։

Ըստ Մովսեսյանի, թվայնացման գործընթացը պարզապես պատրվակ էր. - «Դա մի նպատակ ուներ՝ կասեցնել բոլոր մրցույթները։ Քանի որ բոլոր հեռուստաընկերությունները իրենցն են, իմաստ չուներ, որ ավելորդ մեկնումեկը խցկվի արանքում»։

Եթերազրկվելուց հետո «Ա1+»-ը շարունակել է աշխատել իր ինտերնետային կայքի միջոցով։ Ընկերությունը նաեւ իր թողարկած լուրերը տարածում է տեսանյութերի փոխանցման YouTube ցանցի միջոցով։

«Ա1+»-ը կմասնակցի լիցենզավորման նոր մրցույթներին


Այս տարվա հուլիսին ավարտվում է հաճախականությունների լիցենզիաների մրցույթի սառեցման ժամկետը եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պետք է նոր մրցույթներ հայտարարի։ Հանձնաժողովի ղեկավար Գրիգոր Ամալյանը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին մրցույթների վերաբերյալ։ Իսկ Լրագրողական կազմակերպությունները փաստում են՝ 2 տարում ոչինչ չի արվել։

«Ես ենթադրում եմ, որ իրենք մրցույթ չեն հայտարարելու, նորից ասելու են, որ թվայնացման ուղղությամբ դեռեւս պետք է աշխատանք տարվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը՝ հավելելով. - «Անցկացնելու դեպքում էլ վստահաբար ասում եմ՝ մրցույթ անցկացնողները երբեք «Ա1+»-ին լիցենզիան չեն տալու։ Ընտրություններ են գալու, ուզում են ամբողջ լրատվական դաշտը գցել իրենց վերահսկողության տակ...»։

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, սակայն, կարծում է, որ մրցույթ կլինի եւ իրենք կարող են 8 տարի անց վերականգնել հեռարձակվելու իրենց իրավունքը։

«Չուզելով, չուզելով, բայց կտրվի [լիցենզիա]։ Մեր կողմից էլ ամեն ինչ կարվի, որ անաչառ վերբերմունք ստանանք Ամալյանի թիմի կողմից, եւ ես համոզված եմ, որ հաղթանակի հասնելու ենք», - ասաց Մովսեսյանը։

«Ա1+»-ի եթերազրկման 8 տարվա կապակցությամբ այսօր հայտարարություն են տարածել լրագրողական եւ իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության սահմանափակումների վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. - «Հայաստանի լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների համոզմամբ «Ա1+»-ը դարձել է քաղաքական հետապնդման զոհ: «Ա1+»-ի եթերազրկում անմիջապես ազդեց Հայաստանում բազմակարծության մակարդակի վրա, գրեթե բոլոր հեռարձակողները սկսեցին գործել էլ ավելի զգուշորեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կերաշխավորեն երկրում խոսքի ազատության լիարժեք իրականացումը։ Մասնավորապես, կայանալիք հեռարձակման լիցենզավորման մրցույթներում ապահովել անաչառություն եւ թափանցիկություն՝ դրանով իսկ երաշխավորելով հիմնավորված որոշումներ, որոնք կարժանանան հասարակության վստահությանը»։
XS
SM
MD
LG