Մատչելիության հղումներ

Ռոբերտ Բրադկեն հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ


Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան

Անցած շաբաթ օրը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ` երկրորդ նախագահի գրասենյակում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները քննարկել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման արդի փուլին վերաբերող հարցեր:

Հարկ է նշել, որ Քոչարյանի ու Բրադկեի հանդիպման կապակցությամբ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպատնից չցանկացան որեւէ մեկնաբանություն անել:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բնական է համարում երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, քանի որ, ըստ նրա, միջազգային հանրությունը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին համարում է մեկ թիմ, եւ նրանք «բազմաթիվ խոստումներ են տվել», «նախաձեռնել են գործընթացներ» Ղարաբաղյան կարգավորման շուրջ ու հիմա «պետք է տեր կանգնեն այդ գործընթացներին»:

Զուրաբյանի կարծիքով, այս համատեքստում է կայացել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ:

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, մինչդեռ, չի կարծում, թե Բրադկեի - Քոչարյան հանդիպումը կապված է Հայաստանի՝ ժամանակին տրված խոստումները կատարելու հետ: Եթե այդպես լիներ, ըստ Մանոյանի, Քոչարյանի հետ կհանդիպեին նաեւ Մինսկի խմբի մյուս համանախագահները:

«Ես կարծում եմ, ընդհանրապես ամերիկացի համանախագահը ցանկացել է [բանակցությունների] ընթացքի մասին, ձեւաչափի մասին ունենալ նաեւ ուղղակի տեղեկություն երկրորդ նախագահից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մանոյանը՝ հավելելով, որ չի կարծում նաեւ, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր ակտիվորեն ներգրավված է բանակցային գործընթացում, քանի որ նա «այսօր իշխանության ղեկին չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG