Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսությունը «մտել է կայունացման եւ վերականգնման փուլ»


Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը այսօր հայտարարեց, թե Հայաստանի տնտեսությունը մտել է կայունացման եւ վերականգնման փուլ, որը նախարարի կարծիքով, կարող է տեւել մեկ-մեկուկես տարի:

«Մեր խնդիրն է հնարավորին չափ արագ վերականգնել այն պոտենցիալը, որը մենք ունեինք մինչեւ ճգնաժամ», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Դավթյանը՝ շարունակելով. - «Նաեւ՝ որոշ չափով վերակառուցվածքավորել տնտեսությունը, այսինքն՝ ոչ միայն քանակական առումով վերադառնալ այն մակարդակին, որը մենք ունեինք մինչեւ ճգնաժամ, այլեւ՝ հնարավորին չափ ավելի այլ կառուցվածքով: Ես կարող եմ իմ անձնական կարծիքը ասել՝ դա, ասենք, այս ամսվանից սկսած մոտավորապես մեկ տարվա, մեկուկես տարվա խնդիր է վերականգնումը»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե վիճակագրությունը վկայում է, որ այս տարվա առաջին ամիսներն պաշտոնական վիճակագրությամբ արձանագրված աճի մեջ չնչին է շինարարության ոլորտի մասնաբաժինը, ինչը նշանակում է, որ շինարարությունը վերակենդանացնելու՝ կառավարության նախորդ տարվա ջանքերը ապարդյուն էին, ֆինանսների նախարարը պատասխանեց, թե փոխարենը աճ է արձանագրվել այլ ոլորտներում: Իսկ դա, ըստ Դավթյանի, իր հերթին նշանակում է, որ տնտեսությունը «թարազուի է գալիս»:

Տնտեսագետների գնահատականները այս հարցում, հարկ է նշել, իրարամերժ են: Մասնավորապես, Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Գագիկ Մինասյանի կարծիքով, հստակ կարելի է արձանագրել, որ Հայաստանը դուրս է եկել ճգնաժամից, եւ տնտեսությունը զարգացում է ապրում: Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի համոզմամբ, մինչդեռ, երկիրը դեռեւս դուրս չի եկել ճգնաժամից եւ այս տարի տնտեսությունը կունենա 1-2 տոկոսի անկում:

Այս առնչությամբ Տիգրան Դավթյանը ասուլիսից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ մակրոտնտեսական ցուցանիշները (մասնավորապես՝ առաջին երկու ամիսների արդյունքներով արձանագրված տնտեսության շուրջ 3 տոկոսի աճը) որոշակի «զգուշավոր լավատեսության» հիմքեր են տալիս:

Տնտեսագետներից ոմանց պնդումներին, թե Ազգային վիճակագրական ծառայության թվերը «ուռճացված» են կամ «նկարված», Տիգրան Դավթյանը հակադարձեց. - «Ոչ ոք անցյալ տարի չասաց, որ Վիճվարչությունը սխալ է… Անցյալ տարին ապացուցեց, որ Վիճվարչությունը ճիշտ է աշխատում, որովհետեւ եթե
Վիճվարչությունը լիներ արհեստական թվերով, մենք անցյալ տարի այդ բարձր անկման տեմպերը չէինք ունենա: Այսինքն՝ Վիճվարչությունը իր օբյեկտիվությունը անցյալ տարի ապացուցեց, որովհետեւ 18,5 [տոկոսի անկում] ցուցանիշ ցույց տվեց, ինչը հաճելի չէր ոչ մեկի համար»:

2010 թվականի համար Տիգրան Դավթյանի՝ տնտեսական աճի կանխատեսումը հետեւյալն էր. - «1,2 տոկոս բյուջեում է դրված: Մենք կունենանք, ենթադրում եմ՝ եթե ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն, դրանից ավելի շատ: Թիվ չասեմ՝ բայց կլինի մոտավորապես համադրելի այս երեք ամսվա տվյալներին [շուրջ 3 տոկոս աճ]»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG