Մատչելիության հղումներ

Կառավարությունը հակասահմանադրական չի համարում Միքայել Հարությունյանի հրամանը


Զինվորները պարեկություն են իրականացնում Երեւանի փողոցներում, 2-ը մարտի, 2008թ.
Զինվորները պարեկություն են իրականացնում Երեւանի փողոցներում, 2-ը մարտի, 2008թ.

Հայաստանի կառավարությունը պաշտոնապես անհամաձայնություն է հայտնել ընդդիմության դիտարկմանը, թե Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի` 2008-ի փետրվարի 23-ի հույժ գաղտնի հրամանը եղել է ապօրինի, հակասահմանադրական եւ կոչված է եղել բանակը ներգրավել հետընտրական ներքաղաքական իրադարձություններում։

Անցյալ ամիս փաստաբան Վահե Հովսեփյանը ընդդիմության անունից դիմում էր ուղարկել վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով Սահմանադրությանն ու օրենքին հակասող ճանաչել նախկին նախարարի 0038 գաղտնի հրամանը: Oրերս ստացվել է Կառավարության պաշտոնական գրավոր պատասխանը, որտեղ նշվում է, որ «Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ նախկին նախարարի հանձնարարականը չի կարող դիտվել որպես Զինված ուժերի օգտագործում»:

Միքայել Հարությունյանի հրամանի՝ մամուլում հապարակված քաղվածքի համաձայն, հիշեցնենք, նախագահական ընտրություններից 4 օր անց հրահանգվել է Զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչեւ հատուկ կարգադրության ստացումը, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծել «Կայազորի պետի վարչակազմ» անվանմամբ նոր կառույց։

Ընդդիմությունը պնդում է, որ այդ կառույցը նշված ժամանակաշրջանում ապահովել է [2008 թվականի] մարտի 1-ին զինված ուժերը Երեւան տեղափոխելու եւ դրանց հետագա կառավարման հետ կապված գործընթացները։ Իսկ ըստ Սահմանադրության 8 պրիմ 2 հոդվածի ու «Պաշտպանության մասին» օրենքի, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն:

Փաստաբանը նաեւ իր դիմումում վկայակոչել էր Սահմանադրության 55-րդ հոդվածը, ըստ որի Զինված ուժերի օգտագործման որոշում կարող է կայացնել միայն հանրապետության նախագահը, ոչ թե պաշտպանության նախարարը։

Սակայն կառավարությունը իր պատասխանում նշել է, որ պաշտպանության նախկին նախարարի հրամանը որեւէ առնչություն չունի Սահմանադրության վերոնշյալ հոդվածների հետ՝ հիմնավորելով. - «Զորանոցային վիճակի բերելու վերաբերյալ իրավական ակտը ամենեւին էլ չի կարող գնահատվել որպես Զինված ուժերի օգտագործում վկայակոչող ակտ. Զորանոցային վիճակի ապահովումն ու կազմակերպումը ԶՈՒ ղեկավարման մարտավարական մակարդակում իրականացվող ընթացիկ գործողություն է։ Իսկ Պաշտպանության մասին օրենքի համաձայն, Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Պաշտպանության նախարարը»։

Փաստաբան Վահե Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհիմն որակեց Կառավարության պատասխանում մատնանշված փաստարկները:

«Փաստ է, որ Զինված ուժերը օգտագործվել են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Սրանից էլ հետեւում է, որ Զինված ուժերի օգտագործման համար հիմք է հանդիսացել նշված հրամանը: Հետեւաբար, Կառավարության պատասխանում նշված ցանկացած փաստարկ մեր կողմից գնահատվում է անհիմն», - ասաց Հովսեփյանը:

Պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կառավարության հիմնավորումները որակելով «մակերեսային», ուշադրություն հրավիրեց այս հրամանագրով Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ «Կայազորի պետի վարչակազմ» անվանմամբ նոր կառույցի ստեղծմանը, ինչը, ըստ նրա, նշանակում է բանակի կառավարման համակարգի փոփոխություն: Նման իրավասություն, Քոչարյանի պնդմամբ, նախկին նախարարը չի ունեցել:

Անդրանիկ Քոչարյանը, միաժամանակ, տարակուսանք արտահայտեց. - «Եթե այդ հրամանն այդքան անմեղ հրաման էր, ինչու են մարդ կալանավորել այն հրապրակելու կասկածանքով»։

Հիշեցնենք, դեկտեմբերի վերջին պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով կալանավորվեց Պաշտպանության նախարարության շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը, որի նկատմամբ հարուցված գործն արդեն ուղարկվել է դատարան։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Միքայել Հարությունյանի գաղտնի հրամանը որեւէ կերպ չի հակասում Սահմանադրությանն ու օրենսդրությանը: Այդ հրամանը, նրա խոսքով, ռազմավարական նշանակության կարեւորագույն օբյեկտները հսկողության տակ առնելու նպատակ է ունեցել` պայմանավորված այդ օրերին Երեւանում տիրող իրավիճակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG