Մատչելիության հղումներ

Մերկելն ու Էրդողանը քննարկել են հայ-թուրքական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության հարցը


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի Անկարայում տեղի ունեցած դռնփակ բանակցություններում, ի թիվս այլ հարցերի քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Հայոց ցեղասպանության հարցը։ Այդ մասին, ըստ թուրքական աղբյուրների, բանակցություններից հետո կայացած համատեղ ասուլիսում հայտարարել են Էրդողանն ու Մերկելը։

Ընդգծելով, որ նախօրեին հարցի շուրջ հեռախոսազրույց են ունեցել նաեւ Թուրքիայի արտգործնախարարն ու Միացյալ Նահանգների պետքարտուղարը, վարչապետ էրդողանը ասել է. - «Մեր դիրքորոշումը այս խնդրի շուրջ հստակ է. պատմության ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»։

Էրդողանը հիշեցրել է, որ 2005 թվականին ինքը նամակ էր ուղարկել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, եւ հայտարարել է, որ մինչ օրս Անկարան չի ստացել այդ նամակի պատասխանը։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է լավագույնս զարգանան, եւ ընդգծել է, որ այժմ դրա համար կան հուսադրող նշաններ։

Ընդհանուր առմամբ, ըստ Թուրքիայի վարչապետի, Գերմանիայի կանցլերի հետ բանակցությունները դրական եւ արդյունավետ են անցել։ Այդուամենայնիվ, բանակցություններից հետո հնչած հայտարարությունները վկայում են, որ կողմերին չի հաջողվել ընդհանուր դիրքորոշումների գալ։

Այդպիսի հարցերից առաջինը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդիրն է, ինչին խստորեն ընդդիմանում է կանցլեր Անգելա Մերկելը։ Վերջինիս հետ բանակցությունից հետո վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան լիիրավ անդամությունից բացի որեւէ այլ առաջարկի չի համաձայնի, մինչդեռ կանցլեր Մերկելը ընդգծել է, որ Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցություններում հստակ վերջնաժամկետ սահմանված չէ եւ մատնանշել է Կիպրոսի հարցը՝ որպես Թուրքիայի լիիրավ անդամակցության ճանապարհին ամենամեծ խոչընդոտ։

«Եվրամիությունը փոխվել է, եւ խաղի կանոններն այժմ նույնը չեն ինչ 60-ականներին», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը եւ հավելել. - «Գերմանիան սատարում է Թուրքիայի հետ շարունակվող բանակցությունները, որոնք, սակայն, վերջնական անդամակցության համար երաշխիք չեն հանդիսանում»։

Անկարայի համար առավել բարենպաստ են անցել Գերմանիայում ապրող շուրջ 3 միլիոնանոց թուրքական համայնքի համար թուրքական դպրոցներ բացելու շուրջ բանակցությունները։ Թեեւ պաշտոնական Բեռլինը նախապես կտրականապես դեմ էր վարչապետ Էրդողանի այդ առաջարկին, բանակցություններից հետո կանցլեր Մերկելը կողմ է արտահայտվել այս խնդրին, պայմանով, որ թուրքերենի ուսուցումը չի խոչընդոտի գերմաներենին։

«Թուրքիան կարող է Գերմանիայում դպրոցներ բացել, ինչպես որ դա անում է Գերմանիան Թուրքիայում, սակայն դա չի կարող արդարացնել գերմաներեն չսովորելը», - հայտարարել է կանցլերը։

Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, բավական բարդ են անցել նաեւ բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիային հորդորել է սատարել Թեհրանի նկատմամբ առավել խիստ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությանը, մինչդեռ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան վերջնական որոշում չի կայացրել այդ հարցի շուրջ եւ հորդորել է Իրանի հետ տարաձայնությունները հարթել դիվանագիտական ճանապարհով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG