Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան

Ցեղասպանության մասին խոսք անգամ լինել չի կարող, - գերմանական «Շպիգել» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

«Ինչո՞ւ ժամանակակից Թուրքիան չի ճանաչում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը» հարցին Թուրքիայի վարչապետը պատասխանել է. - «Երբ լրագրողը օգտագործում է ցեղասպանություն բառը, պետք է նախ եւ առաջ ուշադրությամբ ուսումնասիրի այդ հարցը։ Հայերի ցեղասպանության մասին խոսք անգամ լինել չի կարող, ցեղասպանությունը իրավական տերմին է։ 2005 թվականին ես նամակ գրեցի այն ժամանակվա Հայաստանի նախագահին` Ռոբերտ Քոչարյանին, որտեղ ասացի, որ դա մի հարց է, որի ուսումնասիրմամբ պատմաբանները պետք է զբաղվեն, ոչ թե մեզ նման քաղաքական գործիչները։ Թուրքական արխիվներում այդ հարցի շուրջ միլիոնավոր փաստաթղթեր կան, որոնցից ավելի քան մեկ միլիոնը ուսումնասիրվել են` Քոչարյանին ուղարկված իմ նամակից հետո։ Ես գրել էի նրան` «եթե ձեր երկրում էլ կան արխվներ, բացեք դրանք, եթե պատմաբանները չեն կարող բավարար չափով լույս սփռել տեղի ունեցած իրադարձությունների վրա, թող նրանց ջանքերին միանան իրավաբանները, քաղաքագետներն ու հնէաբանները»։

Գերմանացի լրագրողի այն դիտարկմանը, թե այս հարցով, այդուամենայնիվ, զբաղվում են քաղաքական գործիչները, եւ որ ցեղասպանություն բառն օգտագործել է մեկը, ով այսօր Միացյալ Նահանգների նախագահն է, Թուրքիայի վարչապետը պատասխանել է. - «Եթե Բարաք Օբաման օգտագործել է այդ բառը, ապա արել է դա սխալմամբ։ Բացի այդ, Միացյալ Նահանգները խնդրի կողմ չի հանդիսանում, Ամերիկան, այլ երկրների նման, այս հարցում ընդամենը դիտորդ է, մասնակիցներ են միայն Թուրքիան եւ Հայաստանը. սա մե'ր պատմությունն է»։

«Որեւէ ազգ չի կարող հերքել իր անցյալը, եթե պատմական ուսումնասիրությունից հետո ինչ-որ կարեւոր բան պարզվի, մենք պատրաստ կլինենք այն ընդունել, սակայն կարեւոր է, որ հայերն էլ ցանկանան ընդունել իրենց պատմությունը», - ասել է Էրդողանն ու մանրամասնել. - «Ոչ թե զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, այլ պատերազմ, որի ընթացքում զոհվել են Օսմանյան կայսրության քաղաքացիները` թուրքերն ու հայերը։ Այդուամենայնիվ, նրանցից մի քանիսը հետագայում անցել են օտար պետությունների վերահսկողության տակ ու ապստամբություն են բարձրացրել. սա պետք է շատ մեծ ուշադրությամբ ուսումնասիրվի»։

Գերմանացի լրագրողը անդրադարձել է նաեւ Թուրքիայում ապօրինի ապրող հայերին արտաքսելու վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարություններին` ընդգծելով, որ այդ հռետորաբանությունը է'լ ավելի է թեժացնում առանց այդ էլ դժվարին իրավիճակը։

«Ցավում եմ, որ դուք այդ կերպ եք մոտենում հարցին», - պատասխանել է Թուրքիայի վարչապետն ու մանրամասնել. - «Ես խոսել եմ այն մասին, ինչ մենք կարող ենք անել։ Տարիներ շարունակ մենք հանդուրժել ենք հայերին, որոնք ապրելու իրավունք չեն ունեցել Թուրքիայում։ Իմ ասածն ընդամենը հետեւյալն էր` դա չի կարող մշտական բնույթ կրել»։

«Ինչո՞ւ եք ուզում Թուրքիայում ապրող հայերին պատժել այլ երկրներում ցեղասպանության շուրջ ընդունված բանաձեւերի համար», - այս հարցին Էրդողանը արձագանքել է. - «Ով ասաց, թե մենք հայերին ենք պատասխանատու համարում։ Մենք մեկ տարի առաջ Հայաստանի հետ հաշտեցման գործընթաց ենք սկսել, ուզում ենք կարգավորել մեր հարաբերությունները։ Սակայն Միացյալ Նահանգների Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, այդուհետեւ, հայկական սփյուռքի հորդորներով բանաձեւ ընդունեց, որը 1915 թվականի իրադարձությունները բնորոշում է որպես ցեղասպանություն։ Սա օգտակար չէ, եւ մենք դիմում ենք հայկական սփյուռքին եւ այն երկրներին, որոնք աջակցում են սփյուռքին. Թուրքիայում կան հայեր, որոնք Թուրքիայի քաղաքացիներ են, սակայն կան նաեւ ապօրինի միգրանտներ։ Մինչ այժմ մենք չենք դիտարկել վերջիններիս արտաքսելու հարցը, սակայն եթե սփյուռքը շարունակի ճնշում գործադրել, մենք կարող ենք պատկերացնել, որ ունակ ենք դրան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG