Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլուն զանգահարել է Հիլարի Քլինթոնին` Հայոց ցեղասպանության բանաձեւի հարցով


Հիլարի Քլինթոնի եւ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը Նյու Յորքում, 28-ը սեպտեմբերի, 2009թ.
Հիլարի Քլինթոնի եւ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը Նյու Յորքում, 28-ը սեպտեմբերի, 2009թ.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը զանգահարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Թուրքիայի արտգործնախարարության խոսնակի փոխանցմամբ` զրույցի ընթացքում հիմնականում քննարկվել են Հայոց ցեղասպանության շուրջ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում շրջանառության մեջ դրված բանաձեւն ու դրա շուրջ հնարավոր զարգացումները։

Ինչպես հաղորդում է Թուրքական հանրային հեռուստատեսությունը (TRT), շուրջ մեկ ժամ շարունակված զրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը խնդրել է պետքարտուղարին բանաձեւը քվեարկության չդնել Ներկայացուցիչների պալատում։

«Պատմության ուսումնասիրմամբ պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները», - ըստ Թուրքիայի արտգործնախարարության, ասել է Դավութօղլուն։ Վերջինս եւս մեկ անգամ պետքարտուղարին է ներկայացրել այն հիասթափությունը, որ ապրել է Թուրքիայի հասարակությունը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քվեարկությունից հետո, եւ ընդգծել է, որ բանաձեւի հետագա շրջանառումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ թե' Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերի, թե' թուրք - ամերիկյան փոխհարաբերությունների վրա։

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ըստ թուրքական աղբյուրների, նշել է, թե Միացյալ Նահանգների վարչակազմը դեմ է եղել բանաձեւի ընդունմանը արտաքին հարաբերությունների հանձնաժողովում եւ շարունակում է դեմ արտահայտվել դրա քվեարկությանը Պալատի լիագումար նիստում։ Պետքարտուղարը նաեւ կարեւորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի մասնակցությունը ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում նախատեսված` միջուկային անվտանգությանը նվիրված խորհրդաժողովին եւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը սպասում է Ռեջեփ Էրդողանին։ Ի պատասխան, Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ թուրքական կողմը շարունակում է գնահատել իրավիճակը, եւ որ վարչապետը Ռեջեփ Էրդողանը հարցի շուրջ որոշում կկայացնի առաջիկա օրերին։

Բացի այդ, ըստ Թուրքիայի արտգործնախարարության, պետքարտուղարը Դավուօթղլուին տեղեկացրել է Ռուսաստան կատարած իր այցի մանրամասների եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերջին զարգացումների մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում, ըստ դիվանագիտական աղբյուրների, անդրադարձ է եղել նաեւ Իրանին, Իրաքին, Մերձավոր Արեւելքում վերջին զարգացումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG