Մատչելիության հղումներ

Ըստ թուրք պաշտոնաթող գեներալի` Ղարաբաղյան հարցի լուծումը կարագացնի արձանագրությունների վավերացումը


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

«Ներկայումս թուրքական խորհրդարանում հայ - թուրքական արձանագրությունների վավերացման հեռանկարը խոստումնալից չէ, բայց մենք պետք է դրականորեն տրամադրված լինենք եւ նայենք առաջ», - Երեւանում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին` նման կարծիք հայտնեց Թուրքիայի օդուժի պահեստազորի գեներալ-լեյտենանտ Սադի Էրգյուվենչը:

Էրգյուվենչը ժամանակին ղեկավարել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի Հետախուզության դեպարտամենտը եւ ներգրավված է եղել հայտնի Հայ - թուրքական հաշտեցման հանձնաժողովում (TARC):

Թուրք պաշտոնաթող գեներալի խոսքերով` առաջընթացը Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում կնպաստի հայ - թուրքական արձանագրությունների վավերացմանը:

«Նման առաջընթացը կարող է էապես բարելավել իրավիճակը: Մյուս կողմից, առանց Ղարաբաղյան խնդրում առաջընթացի դժվար կլինի խոսել արձանագրությունների վավերացման մասին. այդ դեպքում երկար ժամանակ կպահանջվի: Սակայն վստահ եմ, որ ի վերջո մենք լուծում կգտնենք, որովհետեւ շատերը կողմ են լուծմանը: Իհարկե, կան որոշակի շրջանակներ, որոնք օգուտ են քաղում առկա իրավիճակից, բայց կարծում եմ` նրանք փոքրամասնություն են», - ասաց Էրգյուվենչը:

«Միգուցե Հայաստանի տեսանկյունից ռացիոնալ չէ մեր մոտեցումը` Ղարաբաղյան հարցի լուծումը կապել հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման հետ, սակայն Թուրքիան շատ է արժեւորում իր հարաբերությունները Ադրբեջանի հետ», - նշեց թուրք պաշտոնաթող գեներալ-լեյտենանտը` հիշեցնելով, որ դեռ Ղարաբաղյան պատերազմի սկզբից Անկարայում որոշեցին խզել հարաբերությունները Երեւանի հետ եւ կանգնել Ադրբեջանի կողքին. - «Եվ դա չի կարող հեշտությամբ փոխվել առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման»:

Էրգյուվենչը նշեց երկու պատճառ, թե ինչու է թուրքական կառավարությունը կապում Ղարաբաղյան հարցը հայ - թուրքական հաշտեցման գործընթացին. դեր են խաղում ե'ւ հասարակական կարծիքը Թուրքիայում, ե'ւ հարաբերությունները Ադրբեջանի հետ:

«Դուք պարզապես չեք կարող անտեսել ադրբեջանցիներին ցուցաբերվող մեր օգնությունը, որին, մեր կարծիքով, նրանք արժանի են: Նրանց երկիրը բռնազավթված է բավականին երկար ժամանակահատված: Բազմաթիվ մարդիկ տուժում են այդ իրավիճակից: Ուստի մենք մեզ պարտավորված ենք զգում աջակցել նրանց: Դրա հիմքում ընկած են ինչպես Թուրքիայի հասարակական կարծիքը, այնպես էլ կառավարության դիրքորոշումը», - ասաց նա:

Սադի Էրգյուվենչի կարծիքով, առաջիկայում Թուրքիան չի հրաժարվի Ղարաբաղյան հարցը հայ - թուրքական հաշտեցման գործընթացի հետ կապելու իր մոտեցումից: «Եվ եթե Ղարաբաղյան խնդրում լուծում գտնվի, հայ - թուրքական հաշտեցման գործընթացը կարագանա», - վստահեցրեց պաշտոնաթող գեներալը` ավելացնելով, թե հայ - թուրքական հաշտեցման գործընթացի ներկայիս փակուղային իրավիճակից ելքը կլինի հենց դա:

Անդրադառնալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եւ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձեւերի ընդունմանը` Սադի Էրգյուվենչն ասաց, թե դրանք խոչընդոտներ են ստեղծում հայ - թուրքական հաշտեցման գործընթացում, վնասում են այն. - «Թուրքիայի հասարակական կարծիքը հեշտորեն չի ընկալում նման բանաձեւերը: Դրանք զայրույթ ու լարվածություն են առաջացնում մեր հասարակության ներսում եւ վնասում են հայ - թուրքական հաշտեցման գործըթնացին»:

Նա նաեւ ներկայացրեց հայ - թուրքական հարաբերությունների եւ հաշտեցման գործընթացի հեռանկարի վերաբերյալ իր պատկերացումները` ասելով. - «Այնքան ժամանակ, քանի դեռ մենք առաջ ենք նայում, մենք պարտավորված ենք լուծումներ գտնել մեր խնդիրների ու հարցերի համար: Կարծում եմ, որ ունենք բավականին խոստումնալից ապագա: Եթե հայ - թուրքական սահմանը բացվի եւ մեր երկրների միջեւ հաստատվեն պատշաճ հարաբերություններ, դրանք կօգնեն Կովկասում կայունության ամրապնդմանը: Կովկասում քաղաքական գործակցությունը շատ խորն է, եւ որեւէ խնդրի լուծում կարող է նպաստել տարածաշրջանի կայունացմանը: Սա մի բան է, որից կշահեն բոլորը: Հուսով եմ, տրամաբանությունը կմնա այս ուղղության վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG