Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Չեխիան ստորագրեցին ռազմական համագործակցության մասին համաձայնագիր


Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Երեւան, 26-ը մարտի, 2010թ.
Հայաստանի եւ Չեխիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Երեւան, 26-ը մարտի, 2010թ.

Մեկօրյա պաշտոնական այցով ուրբաթ օրը Հայաստան ժամանած Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մարտին Բարտակը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ստորագրել են ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Հայաստանի պաշտպանության նախարարը «պատմական» որակեց համաձայնագրի ստորագրումը՝ ասելով, որ դրանով «իրավական հիմքերի վրա դրվեց Հայաստանի եւ Չեխիայի պաշտպանական ոլորտների միջեւ ռազմական համագործակցությունը»:

«Այս համաձայնագրի մեջ ընդգրկված ուղղությունները բազմապիսի են՝ սկսած փորձագիտական, խորհրդատվական, պատմական, թանգարանագիտական համագործակցությունից, այնուհետեւ՝ ռազմական բնույթի՝ խաղաղապահ առաքելություն, ռազմական կրթություն, ռազմական բժշկություն: Հատկապես կարեւորում ենք ռազմական արդյունաբերության ոլորտում մեր համագործակցության սկսումը եւ ընդլայնումը», - համաձայնագրի ստորագրումից հետո ասաց Օհանյանը՝ շարունակելով. - «Մենք պարոն նախարարին շնորհակալություն պետք է հայտնենք ե'ւ այցի, ե'ւ իր հետ գործարարների Հայաստանի Հանրապետություն բերելու համար, որպեսզի նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում մենք շփման եզրեր գտնենք եւ զարգացնենք»:

Մարտիկ Բարտակը, իր հերթին, ասաց, որ Չեխիան, իբրեւ ՆԱՏՕ-ի անդամ, արդեն 11 տարվա փորձ ունի, եւ ուրախ է, որ հնարավորություն ունի կիսել այդ փորձը Հայաստանի հետ:

«Մենք պատրաստ ենք վարժանքներ անցկացնել ձեր զինվորականների համար», - ասաց Բարտակը:

Ավելի ուշ Չեխիայի փոխվարչապետին ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, կայացած զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությունը, որը զգալիորեն կօժանդակի մեր երկրում ընթացող բարեփոխումներին, որոնց նպատակը հանրային կյանքի բոլոր ոլորտների բարելավումն է։

Չեխիայի պաշտպանության նախարարը, իր հերթին, գոհունակությամբ նշել է, որ «այսօր ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը փոխգործակցության նոր հեռանկարներ է բացում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG