Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում քննարկել են Ղարաբաղյան գործընթացը


Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր»: Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել Մադրիդյան առաջարկությունների հիման վրա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը այլընտրանք չունի:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ժամանակ ունեցած ելույթում անդրադառնալով Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման նախագծին` հայտարարել է. - «Հայաստանն այժմեական եւ կարեւոր է համարում ռուսաստանյան կողմի նախաձեռնությունը, որտեղ ամրագրվում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Պայմանագրում պետք է ամրագրվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հավասարությունը եւ մեկ սկզբունքի մյուսին ստորադասման բացառումը»:

Նախարարը նաեւ այցելել է Հայաստանի դեսպանություն, ուր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ, որի ընթացքում, արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, «քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարականներ տրվել Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման վերաբերյալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG