Մատչելիության հղումներ

Հայաստանում տոնում են Լեոնիդ Ենգիբարյանի հոբելյանը


Լեոնիդ Ենգիբարյան
Լեոնիդ Ենգիբարյան

Մարտի 15-ին լրացել է մեծ դերասան, ծաղրածու ու բանաստեղծ Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակը: ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական մնջախաղի թատրոնը եւ Ազգային ժողովը մշակել են հոբելյանական միջոցառումների շարք:

Ենգիբարյանի հոբելյանին նվիրված միջոցառումները կմեկնարկեն մարտի 27-ին Ազգային ժողովի այգում: Բացի այդ Երեւանի պետական կրկեսի այս խաղաշրջանը նվիրել են մեծ ծաղրածուին` այն անվանելով «Ժպտացեք մարդիկ»: Կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը հայտնեց, որ Մոսկվայից հրավիրել են Գոշա անունով ծաղրածուին, քանի որ «անհնար կլիներ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված խաղաշրջան անցկացնել առանց լավ ծաղրածուի»:

«Ծրագիրը կմեկնարկի մայիսի 15-ին, մտադիր ենք ԱՊՀ երկրներից հրավիրել լավագույն դերասաններին, ծաղրածուներին, ովքեր կապ են ունեցել Ենգիբարյանի հետ», - ասաց Սոս Պետրոսյանը:

Կրկեսի տնօրենը նաեւ հայտնեց, որ Լեոնիդ Ենգիբարյանը թոռ ունի` Պյոտր անունով, ով ապրում է Պրահայում եւ իր պապի պես համեմատաբար մեծ տարիքում որոշել է դերասան դառնալ: Նրան նույնպես պատրաստվում են հրավիրել Երեւան:

Հուլիսին Գրականության ու արվեստի թանգարանում Մնջախաղի պետական թատրոնի մասնակցությամբ կներկայացվեն ենգիբարյանական էտյուդներ, կբացվի ցուցահանդես, իսկ հոկտեմբերին կկայանա Ենգաբարյանի «Վերջին ռաունդ» գրքի շնորհանդեսը:

Օգոստոսին Ծաղկաձորում անցկացվող Մնջախաղի փառատոնն էլ այսուհետ կրելու է «մտածող ծաղրածու»-ի անունը, ինչի մասին տեղեկացրեց Երեւանի պետական մնջախաղի թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը:
XS
SM
MD
LG