Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժեց «Էկոդար»-ի հայցը


Բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը Վարչական դատարանի շենքի մոտ: 23-ը մարտի, 2010թ.
Բնապահպան ակտիվիստների բողոքի ցույցը Վարչական դատարանի շենքի մոտ: 23-ը մարտի, 2010թ.

Հայաստանի վարչական դատարանը չորեքշաբթի օրը մերժեց «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպության հայցը ընդդեմ Հայաստանի կառավարության, բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների եւ ACP ընկերության՝ կապված Թեղուտի հանքավայրի շահագործման հետ:

Որպես պատասխանող կողմ հանդես եկող Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Լեւոն Գեւորգյանը դատավճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ գոհ է վճռից:

Որպես մերժման հիմք դատարանը բերում է այն պատճառաբանությունը, թե «Էկոդար» կազմակերպությունը իրավունք չունի դատարանում վիճարկել բնապահպանական խախտումներ:

Հայցվող կողմի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի համոզմամբ՝ որոշման հիմքերը «հեռու են թե' օրենքից եւ թե' իրականությունից»:

«Ես գիտեի, որ դատարանի վրա կա ճնշում, եւ ենթադրում էի, որ դատարանը չի համարձակվելու մեր օգտին վճիռ կայացնել: Բայց ես գոնե կարծում էի, որ կլինի հրապարակային դատավարություն, մենք կներկայացնենք մեր փաստարկները եւ կլսենք հակառակ կողմի փաստարկները», - հավելեց փաստաբանը:

Հրապարակային դատաքննություն չեղավ, քանի որ դատավորը երեկ որոշել էր դատաքննություն իրականացնել արագացված կարգով եւ, առանց կողմերին լսելու նշանակեց դատավճռի հրապարակման օրը:

Հարցին, թե արդյո՞ք վարչական դատարանի այս վճիռը չի հակասում Վճռաբեկ դատարանի՝ ամիսներ առաջ կայացրած որոշմանը, որով «Էկոդար»-ը ճանաչվել էր պատշաճ հայցորդ, Ալումյանը պատասխանեց. - «Միանշանակ հակասում է: Այդ նույն պատճառաբանությամբ դեռեւս ամիսներ առաջ հայցադիմումը վերադարձվել էր վարչական դատարանի կողմից, մեր կողմից բողոքարկվել էր վճռաբեկ դատարան եւ վերջինս, գտնելով, որ «Էկոդար» կազմակերպությունը իրավունք ունի վիճարկել այսպիսի խախտումները, վերացրել էր վերադարձնելու մասին որոշումը, ուղարկել էր վարչական դատարան՝ ըստ էության քննելու համար: Հիմա նույն պատճառաբանության վարչական դատարանը հայցը արդեն մերժեց»:

«Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Սավզյանի կարծիքով, այս վճիռը կարող է Թեղուտի հարցի վրա եւս մեկ անգամ սեւեռել միջազգային կառույցների ուշադրությունը:

Կառավարությունը մի քանի տարի առաջ էր որոշել շահագործման հանձնել Թեղուտի հանքավայրերը: Այդ ժամանակվանից ի վեր մի խումբ բնապահպաններ ահազանգում են հանքավայրի շահագործման վտանգի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG