Մատչելիության հղումներ

Քոչարյանի քննադատությունը «կոռեկտության սահմաններում էր»


ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը
ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը
Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքով, իշխանությունների հասցեին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկ հնչեցրած քննադատությունը «կոռեկտության սահմաններում էր»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Շարմազանովը ասաց նաեւ, թե անկախ այն հանգամանքից՝ իրենք համամի՞տ են այդ գնահատականների հետ, թե ոչ, իրենց համար ընդունելի է «ցանկացած կոռեկտ քննադատություն»:

Անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությանը՝ Շարմազանովը ասաց, թե կուսակցությունը ունի իր կարծիքը, այն է՝ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը կարող է համապատասխան քայլեր կատարել տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակը ընդգծեց, որ անցած տասը տարիների ընթացքում եղել է տնտեսական աճ, եւ դա տեղի է ունեցել նախկին նախագահ Քոչարյանի եւ Հանրապետական կուսակցության, տվյալ դեպքում՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համատեղ ջանքերի շնորհիվ:

«Հանրապետական կուսակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել են դաշնակիցներ եւ դրական շատ քայլեր են իրականացրել երկրի համար», - նշեց Շարմազանովը:

Իշխող կոալիցիայի մեկ այլ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը ասաց, որ իրենք կիսում են Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած մոտեցումները:

«Անկախ այն հանգամանքից, թե ում էր ուղղված [քննադատությունը] եւ ինչ նպատակով, ես կասեի հետեւյալը. ընդհանուր առմամբ, ես ինքս էլ փոքր-ինչ լավ զգացի հիշյալ հարցազրույցի շեշտադրումներին ծանոթանալիս, քանի որ նման մոտեցումներ ձեւավորված են նաեւ մեզ մոտ»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բոստանջյանը՝ մասնավորեցնելով. - «Ճգնաժամային իրավիճակներում առնվազն պետք է բացառել ֆինանսական, սպեկուլյատիվ երեւույթները եւ առավելագույնս արդյունավետ օգտագործել տրամադրությանդ տակ գտնվող, ինչպես նաեւ կուտակած, նախկինում ձեւավորված ռեսուրսներն ու ռեզերվները»:

Ազգային ժողովի մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ), իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե «անվիճարկելի է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիների օրոք Հայաստանը մակրոտնտեսական ցուցանիշների առումով ունեցել է առաջընթաց»: Նա, այդուհանդերձ, նկատեց, որ արձանագրված աճին համաչափ չբարելավվեց բնակչության կենսամակարդակը, մինչդեռ «հարուստների առավել հարստացումը համապատասխանում էր այդ նույն աճի տեմպերին»:

Մինասյանը կիսում է Ռոբերտ Քոչարյանի դիտարկումը, թե Հայաստանում այսօր չափազանց մեծ է բնակարանների պահանջարկը: Իրական խնդիրը, նրա խոսքով, սակայն, այն է, որ բնակարանների կարիք ունեցողների զգալի մասը՝ մոտ 75 տոկոսը, սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող ընտանիքներն են եւ, բնականաբար, էլիտար բնակարան ձեռք բերելու հնարավորություն չունեն:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ քննադատության էր ենթարկել ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականությունը՝ մատնանշելով իր ղեկավարության տարիներին ձեռք բերված տնտեսական հաջողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG