Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը կարող է տապալել Nabucco ծրագրի իրագործումը»


«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են Անկարայից պահանջել, որպեսզի հայ - թուրքական մերձեցման գործընթացն ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը փոխկապակցված լինեն», - ասում է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը` մեկնաբանելով Թուրքիայի էներգետիկայի նախարարի վերջին հայտարարությունները:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր. - «Թուրքիայի տարածքով ադրբեջանական գազի արտահանման շուրջ բանակցությունները Բաքվի եւ Անկարայի միջեւ դադարեցվել են: Պատճառը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընթացող բանակցություններն են»:

«Եթե իրոք տեսանելի նշույլներ ի հայտ գան, որ հայ - թուրքական մերձեցում է տեղի ունենում առանց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի, ապա Բաքվում երկար չեն խորհի: Գուցե իշխանությունները ուղղակիորեն չասեն, բայց կարող են պարզապես խաչ քաշել թե' Nabucco ծրագրի իրագործման, թե' եվրոպական էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք այլ ծրագրերի վրա», - նշում է Իլգար Մամեդովը:

Բաքվեցի մեկ այլ քաղաքագետի` Զարդուշտ Ալիզադեի կարծիքով, ադրբեջանական իշխանությունների համար այսօր էներգակիրները քաղաքական ճնշման ամենագործուն միջոցն են:

«Ադրբեջանը դիմում է այն զենքին, որն այս պահին առավել արդյունավետ է` նավթին ու գազին: Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի թուրքերը չդրժեն խոստումը եւ չբացեն հայ - թուրքական սահմանը այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դուրս չի բերել զորքերը Ղարաբաղին հարող շրջաններից: Ադրբեջանը կշարունակի իր այս գիծն առաջ տանել` հասկանալով, որ Թուրքիայի համար նավթի ու գազի տարանցիկ ուղի դառնալը շատ կարեւոր է. դա մեծացնում է Թուրքիայի դերակատարությունը», - նշում է Ալիզադեն` հավելելով, թե իր կարծիքով` պաշտոնական Անկարան ի վերջո տեղի է տալու ադրբեջանական ճնշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG