Մատչելիության հղումներ

Բաշար ալ-Ասադը իր օգնությունն է առաջարկում հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում


Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի հանդիպումը Դամասկոսում, 22-ը մարտի, 2010թ.
Սերժ Սարգսյանի եւ Բաշար ալ-Ասադի հանդիպումը Դամասկոսում, 22-ը մարտի, 2010թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սիրիա կատարած այցի ընթացքում այդ երկրի առաջնորդ Բաշար ալ-Ասադը իր օգնությունն է առաջարկել հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում՝ հանուն տարածաշրջանի կայունության եւ անվտանգության։

«Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ինձ Կովկասում տիրող իրավիճակի շուրջ վերջին զարգացումները, ուզում եմ ընդգծել, որ հայ - թուրքական հարաբերությունների շուրջ նախագահ Սերժ Սարգսյանը խիզախ որոշում է ընդունել եւ պետք է հաջողի այս գործում», - ըստ սիրիական «Սանա» լրատվական գործակալության` հայտարարել է Բաշար ալ-Ասադը եւ հավելել. - «Սիրիան պատրաստ է իր դերը խաղալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում : Ես կարծում եմ` Հայաստանի ղեկավարները մեզ լիովին վստահում են, ուստի մենք անհապաղ քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ, առավել եւս, որ Սերժ Սարգսյանը քաջալերում է մեզ այդ գործում»։

«Սիրիան եւ Հայաստանը գտնվում են կարեւոր աշխարհաքաղաքական տարածաշրջանում, որտեղ բախվում ու միահյուսվում են գերտերությունների շահերը», - հայտարարել է Բաշար ալ-Ասադը` ընդգծելով, որ հաջողության հասնելու համար երկու երկրները պետք է խորացնեն համագործակցությունն ու համաձայնեցնեն որդեգրած ռազմավարությունը։

Սերժ Սարգսյանը, իր հերթին, հայտարարել է, որ Հայաստանը սատարում է «խաղաղ լուծումները եւ վեճի կարգավորմանն ուղղված երկխոսությունը` առանց կասկածի տակ առնելու եւ մոռանալու սեփական պատմությունը»:

«Հակամարտությունների եւ ճգնաժամերի կարգավորումը հնարավոր է խաղաղ բանակցությունների եւ երկխոսության միջոցով. հիմնվելով այդ սկզբունքների վրա` Հայաստանը լրջորեն աշխատում է Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը ամրապնդելու ուղղությամբ», - երկուշաբթի երեկոյան Դամասկոսում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը եւ ընդգծել. - «Հայաստանը սպասում է հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի հետ»։

Երեքշաբթի օրը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Քանդահարյանը, նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում Դամասկոսի պետական համալսարանում, որից հետո հանդիպում է ունենալու տեղի հայ համայնքի եւ եկեղեցու առաջնորդների հետ։ Նույն օրը նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հալեպ, իսկ չորեքշաբթի օրը արդեն` Դեր-Զոր, փոխանցեց «Ազդակ»-ի խմբագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG