Մատչելիության հղումներ

Շվեյցարահայ գործարարը բիզնեսը կտեղափոխի՞ Բելառուս


«Լուչ» ժամացույցը
«Լուչ» ժամացույցը

Մինսկից ստացված հաղորդագրության համաձայն, այս օրերին ավարտին են մոտենում ժամացույցներ արտադրող «Լուչ» գործարանը Franck Muller շվեյցարական ընկերությանը վաճառելու բանակցությունները։ Գործարքի գինը սոսկ խորհրդանշական է` բաժնետոմսերի 52 տոկոսի դիմաց ընդամենը 12 միլիոն 400 հազար դոլար։

Եթե ծրագիրը իրականացվի, «Լուչ» գործարան կբերվեն արդիական շվեյցարական սարքավորումներ եւ հոսքագծեր։

Շվեյցարացի փորձագետները, մինչդեռ, ենթադրում են, որ այդ գործարքի միջոցով Franck Muller ընկերության համասեփականատեր, ազգությամբ հայ մեծահարուստ Վարդան Սիրմակեսը ակտիվները, թանկարժեք սարքավորումները, թանկարժեք մետաղը եւ մեխանիզմները դուրս է հանելու Շվեյցարիայից` հաշվի առնելով սնանկացման լուրջ հավանականությունը։

«Լուչ» գործարանը հիմնադրվել է 1953 թվականին, այն պետք է արտադրեր տարեկան 5 միլիոն ժամացույց։ Խորհրդային Միության փլուզումից հետո գործարանը ստացել է բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակ, իսկ 2006 թվականին սնանկացել է։

Թանկարժեք մեխանիկական ժամացույցներ արտադրող Franck Muller-ը դեռ չի սնանկացել, բայց նույնպես ծանր վիճակում է։ 2008 թվականին ընկերության արտադրանքի վաճառքը 75 տոկոսով նվազել է, միայն չվճարված հարկերի գծով պարտքը ավելի քան 300 միլիոն շվեյցարական ֆրանկ է (շուրջ 285 միլիոն ամերիկյան դոլար), ինչը գրեթե հավասար է ընկերության տարեկան եկամուտին։

Ըստ «Բիլան» շվեյցարական տնտեսական հանդեսի, Սիրմակեսի համար «Լուչ»-ը գնելն ու արտադրությունը Բելառուս փոխադրելը, թերեւս, միակ ողջամիտ ելքն է։

Շվեյցարացի փորձագետները չեն բացառում, որ Սիրմակեսը դրամագլուխը կփոխադրի Հայաստան, եւ հիշեցնում են, որ այստեղ նրան է պատկանում ArmSwissBank-ը։

Անցյալ տարվա աշնանը Վարդան Սիրմակեսը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ասել է. - «Մենք մտադիր ենք հիմնովին վերակազմավորել «Լուչ»-ը եւ այն հանել համաշխարհային շուկա։ Ես կպատրաստեմ «Լուչ»-ի բարձրակարգ ժամացույցներ եւ դուք, ինչպես եւ կառավարության անդամները, պետք է խոստանաք, որ կապելու եք այդ ժամացույցները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG