Մատչելիության հղումներ

Մարտի 20-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եթե հավատալու լինենք միջազգային լրատվամիջոցներին, Հայաստանը նունպես պաշտոնապես ընդունել է Ղարաբաղյան կարգավորման «մադրիդյան նորացված սկզբունքները»: Համենայն դեպս, Ադրբեջանի արտգործնախարարն արդեն պաշտոնապես իր գոհունակությունն է հայտնել այդ առթիվ: Որքան էլ տարօրինակ է, այս ամենին կայծակնային արագությամբ արձագանքեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ընդ որում՝ արձագանքը վերին աստիճանի կոշտ էր. - «Ղարաբաղի հարցում մեր քաղաքականությունը լիովին ձախողվել է, ներկայումս իրադարձությունները զարգանում են մեզ համար անցանկալի եւ չափազանց վտանգավոր ուղիով, եւ մեզ անհրաժեշտ է դիմել կտրուկ քայլերի»: Մեկնաբանը շարունակում է. - «Բնականաբար, ՀՀԿ-ի արձագանքը նույնպես կայծակնային էր: Բայց այսօրվա իշխանությունների արձագանքն առաջին հերթին ոչ թե քաղաքական դիրքորոշում էր հիշեցնում, այլ սովորական «ռազբորկա»: Այդ արձագանքի իմաստը մոտավորապես հետեւյալն էր. «Այսօրվա վիճակի համար մենք հավասարապես ենք պատասխանատու, ինչ արել ենք՝ միասին ենք արել: Հիմա որպես ի՞նչ եք ձեզ շլանգի տեղ դրել, կարո՞ղ է առաջ չգիտեիք մադրիդյան սկզբունքների մասին, կամ կարո՞ղ ա դու ու Ռոբիկը չեք էդ սաղ սարքել»:

«Ժամանակ»-ը գրում է. - «Որ Հայաստանում արտահերթ ընտրության համար հիմքերի բացակայության մասին դատողություններն իրենք են անհիմն, դրանում թերեւս կասկած չկա նույնիսկ այդ դատողությունների հեղինակների մոտ: Խնդիրն այն է, որ արտաքին աշխարհի համար ներկայիս իշխանությունը պահելը ունի կոնկրետ նպատակ: Ամբողջ հարցը թերեւս հետեւյալն է՝ Ղարաբաղի հարցում աշխարհը Սերժ Սարգսյանից ավելի շատ դիմադրությո՞ւն է ցանկանում, թե՞ համաձայնություն: Եվ հարց է նաեւ, թե Սերժ Սարգսյանը ինքը ավելի շատ դիմադրելո՞ւ, թե՞ համաձայնելու ռեսուրս ունի: Ահա այդ տիրույթում էլ թերեւս կարող է գտնվել Հայաստանում արտահերթ զարգացումների բանալին, որը, իհարկե, Հայաստանի իշխանության ձեռքում չէ: Ոորվհետեւ, եթե թողնեն իշխանության ձեռքում, ապա իշխանությունը չի կարող արտահերթի դուռը ինքնուրույնաբար փակ պահել մինչեւ հերթական ընտրություն»:

«Հայք»-ը տեղեկացնում է, որ Հայաստանում 2010 թվականի մարտի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է կաշառակերության ընդամենը 10 դեպք, որոնք բացահայտվել են: «Այս ցուցանիշը կարող է առաջացնել նույնիսկ շվեդների եւ ֆինների նախանձը», - գրում է թերթը՝ շարունակելով. - «Նույն ժամանակահատվածում բացահայտվել են նաեւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 11 եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 16 դեպքեր: Պատկերացնո՞ւմ եք, մի ամբողջ երկիր, մի ամբողջ ամիս եւ ընդամենը անփութության 16 դեպք»:

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Անցնող շաբաթը նշանավորվեց Թուրքիայի վարչապետի հերթական հայտարարությամբ՝ 170 հազար հայերից 70-ը իմն են, մնացած 100-ին կվտարեմ երկրից: Այս հայտարարությունն այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ ով Հայաստանում եթերի կարիք ուներ, ով քիչ էր մնում, որ մոռացվի, խոսեց այդ մասին: Այս շաբաթ Ադրբեջանն անընդհատ խոսում էր Մադրիդյան սկզբունքներից՝ լացելով, որ հայկական կողմը չի ընդունում նորացված սկզբունքները: Անցած շաբաթ թուրք-ադրբեջանական թեմային խիստ համահունչ էր նաեւ եղանակը՝ դրամավարկային եւ բնակլիմայական: Անկանխատեսելի ցրտեր եւ դոլարի կանխատեսելի «թռիչք»: Նոր էր գյուղատնտեսության համար բացվել մի պատուհան՝ Վեին Լարսի անցակետը, բնությունը փակեց մի ամբողջ դուռ: 2010 թվականը նաեւ բերքի առումով կլինի խեղճուկրակ: Չի կարելի, իհարկե, սպասվելիքը ճգնաժամ անվանել, որովհետեւ դա վարչապետի սրտով չէ, բացյ դե «զարգացում» բառն էլ տեղին չէ: Փոխարենը՝ դոլարի արժեվորումը կարելի է կապել համաշխարհային արդարադատության վերականգնման հետ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախումբը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Այնպես որ, պետք չէ դա ներքին տնտեսական խաղերին վերագրել»:

Մեկնաբանելով զրպարտությունը եւ վիրավորանքը ապաքրեականացնող օրենսդրական փաթեթի լրամշակված տարբերակը՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան) «Հայոց Աշխարհ»-ին ասել է. - «Որ մեզանում շատ լրատվամիջոցներ խոսքի ազատությունը հասկանում են որպես խոսքի բեսպրեդել՝ որեւէ մեկի համար գաղտնիք չէ։ Այս փոփոխությունների նպատակն է լրատվությունը դեղին մամուլի մակարդակից տեղափոխել պրոֆեսիոնալ դաշտ, մամուլին վերադարձնել իր նախնական գործառույթը։ Այն է՝ տալ անաչառ տեղեկատվություն, եզրակացությունները, վերլուծությունները թողնելով ընթերցողին։ Եվ այն լրատվամիջոցները, որոնք իրենց առջեւ խնդիր են դնում իրազեկելու հանրությանը, տրամադրելու մաքուր տեղեկատվություն, այսինքն՝ կատարելու իրենց մասնագիտական պարտականությունները, բացարձակապես հիմք չունեն դժգոհելու այս օրենքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG