Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովին ներկայացրեց բարեփոխումների ժամանակացույցը


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովին այսօր ներկայացված ժամանացույցով Հայաստանի իշխանությունները պարտավորվում են մինչեւ տարեվերջ բարեփոխել ընտրական համակարգը եւ համապատասխան փոփոխություններն ընդունել խորհրդարանում, որպեսզի հնարավորություն ստեղծվի 2011 թվականից արդեն նախապատրաստվել հաջորդ ընտրություններին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, այդ ուղղությամբ առաջին քայլերը կատարված կլինեն արդեն մինչեւ վեհաժողովի ապրիլյան նստաշրջանը:

Անդրադառնալով ժամանակացույցում ներառված մյուս բարեփոխումներին՝ Դավիթ Հարությունյանը մանրամասնեց. - «Ոստիկանության եւ ընդհանրապես իրավապահ մարմինների գործողությունների բողոքարկման հետ կապված հայեցակարգը ներկայացված է արդեն Եվրոպայի խորհրդին՝ քննարկման համար, եւ մենք ակնկալում ենք շատ շուտով՝ մեկամսյա ժամկետում, փորձագիտական եզրակացությունը հայեցակարգի հետ կապված, որից հետո կսկսվի արդեն՝ բուն օրենսդրական աշխատանքը: Նոր օրենքի մասին է խոսքը՝ հավաքների ազատության վերաբերյալ, սակայն դրա ժամանակացույցը մենք կներկայացնենք մինչեւ ապրիլյան նստաշրջան: Մամուլի ազատության վերաբերյալ միակ հարցադրումը, որ մենք ներկայացրել ենք այստեղ, դա այն է, որ, ինչպեսեւ նախատեսված էր, հուլիս ամսին անցկացվելու է մրցույթը»:

Ըստ Դավիթ Հարությունյանի, Հայաստանի հարցով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն դրական է գնահատել ներկայացված ժամանակացույցը եւ ողջունել է փոփոխություններ կատարելու՝ Հայաստանի իշխանությունների ցանկությունը։

Միեւնույն ժամանակ, եվրոպացի պատգամավորն ընդգծել է, որ ոչ թե բարեփոխումների քանակն է կարեւոր, այլ դրանց որակը։

«Եվրոպայի խորհուրդը շարունակելու է ուշի-ուշով հետեւել Հայաստանի իշխանությունների կողմից հայտարարված բարեփոխումների կատարմանը», - ասել է Կոլոմբիեն։

Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, Կոլոմբիեն Հայաստանի իշխանություններից ժամանակացույց է պահանջել նաեւ դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ:

«Դատական իշխանության գործունեության հետ կապված ԺՀՄԻԳ-ի [Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի] հաշվետվությունը պետք է վերլուծվի, եւ այնտեղ ներկայացված բոլոր առաջարկությունների վերաբերյալ ակնկալում են կոնկրետ ժամանակացույց՝ երբ եւ ինչպես է իրականացվելու այս կամ այն առաջարկությունը: Եվ եթե որեւէ առաջարկություն չի իրացվելու, ապա որն է պատճառը դրա չիրացման», - պարզաբանեց Հարությունյանը:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ, հիշեցնենք, Եվրախորհրդին բարեփոխումների կատարման շուրջ իրենց առաջարկներին էին ներկայացրել նաեւ հայաստանյան ընդդիմադիր ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսն ու «Ժառանգություն» խմբակցությունը։

Դավիթ Հարությունյանի խոսքով, դրանք այսօր առանձին չեն քննարկվել, սակայն «հետագայում դիտարկվելու են ներկայացված առաջարկությունների համատեքստում»։

«Այդուամենայնիվ, Եվրախորհուրդը գնահատելու է Հայաստանի իշխանությունների կողմից ներկայացված փաստաթղթի կատարումը», – ընդգծեց Հարությունյանը:

Ակնկալվում է, որ հայտարարված բարեփոխումների ուղղությամբ առաջին քայլերն իրագործելուց հետո, ենթադրաբար՝ ապրիլին, Հայաստանի հարցով համազեկուցողները կժամանեն Հայաստան եւ տեղում կքննարկեն ներկայացված բարեփոխումների կատարման «ճանապարհային քարտեզը»։

Ավելի վաղ համազեկուցողները հայտարարել էին, թե այցի ընթացքում մտադիր են բարձրացնել նաեւ Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցը, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ, որ մինչ օրս ներկայացրել են Հայաստանի իշխանություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG