Մատչելիության հղումներ

Արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգություն է հնչեցնում գնաճի կապակցությամբ


Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան չորեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ բարձրաձայնել է իր մտահոգությունը երկրում լայն սպառման ապրանքների եւ ծառայությունների «շարունակական գնաճի կապակցությամբ»՝ փաստելով, որ դա «ծանր հետեւանքներ կունենա բնակչության ապրելակերպի վրա»:

Կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանի խոսքով՝ եթե հնարավոր չէ զսպել գնաճը, պետք է լինեն համապատասխան մեխանիզմներ, որոնք կկանխարգելեն գնաճի բացասական ազդեցությունը հասարակության վրա:

«Պետք է ստեղծվեն կանխարգելիչ միջոցներ, որպեսզի այդ գների աճը մեծ ազդեցություն չունենա աշխատողների կենսամակարդակի վրա: Որովհետեւ այսօր խոսքը հիմնականում սոցիալապես անապահով շերտերի մասին է՝ որ դրանց մասին կհոգան, որոշ միջոցներ կձեռնարկվեն եւ այլն: Բայց, եթե մենք վերցնենք աշխատողներին, մենք ունենք զգալի թվաքանակով աշխատողներ, որոնց վրա նույնպես անդրադառնում է այս հարցը, եւ ոչ մի կերպ հնարավոր չէ այն կարգավորել», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Խառատյանը՝ հավելելով, թե «այդպիսի մեխանիզմ է աշխատավարձի ինդեքսավորումը»:

Նրա համոզմամբ, աշխատավարձի ինդեքսավորման մեխանիզմի առկայության դեպքում «աշխատողը կլինի պաշտպանված»:

Տարածված հայտարարությունում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հույս է հայտնում, որ պետական մարմինները միջոցներ կձեռնարկեն սոցիալական բեռը թեթեւացնելու ուղղությամբ:

Հարցին, թե ավելի կտրուկ միջոցների կդիմե՞ն՝ եթե կառավարությունը գնաճը զսպելու միջոցներ չձեռնարկի, Բորիս Խառատյանը արձագանքեց, թե առայժմ կբավարարվեն տարածված հայտարարությամբ»:

Նա հավելեց, որ ակնկալում են, որ կառավարությունը իրենց հայտարարությանը կարձագանքի «ողջամիտ ժամկետներում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG