Մատչելիության հղումներ

Մամեդյարով. «Ադրբեջանը համաձայն է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին, Հայաստանը` ոչ բոլոր կետերին»


Էլմար Մամեդյարով
Էլմար Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հինգշաբթի օրը որոշ բացահայտումներ է արել Ղարաբաղյան կարգավորման ներկայիս բանակցություններից` ասելով, որ Ադրբեջանը համաձայն է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկներին, իսկ Հայաստանը որոշ կետերի համաձայն չէ:

«Ադրբեջանը ընդունում է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, քանի որ մենք կարծում ենք, որ դա հնարավորություն է տալիս քննարկելու մեծ համաձայնագիրը», - ասել է Մամեդյարովը` նույնը խորհուրդ տալով Հայաստանին. - «Անձամբ ես կարծում եմ, որ հայկական կողմը եւս պետք է դա ընդունի: Բայց նրանք ասում են, թե առաջարկների որոշ կետեր իրենց ձեռք չեն տալիս ու դրա համար իրենք չեն կարող ընդունել այդ փաստաթուղթը: Հիմա քննարկումներ են ընթանում հենց այդ կետերի շուրջ»:

Էլմար Մամեդյարովը ասել է, թե հիմա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման հարց չի քննարկվում: Նա հայտնել է, որ միջնորդները այժմ քննարկում են Հայաստանի պատասխանները, առաջարկները, որ տրվել են Մադրիդյան նորացված տարբերակի առնչությամբ:

Նա հավանական է համարել, որ հետո միջնորդները Հայաստանի արտգործնախարարին հրավիրեն Փարիզ, ու այդ հանդիպումից հետո պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ կընթանան աշխատանքները:

Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է նաեւ այն հայտարարությունները, թե ժամանակն է կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը:

«Ե'վ համանախագահող երկրների ղեկավարները, ե'ւ ԵԱՀԿ-ն նախագահող Ղազախստանը, ե'ւ Եվրամիությունը գլխավորող Իսպանիան հայտարարում են, որ 2010 թվականը կարեւոր տարի է առաջընթացի հասնելու համար: Նման հայտարարություններ արեցին նաեւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշն ու Վեհաժողովի Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Lենմարկերը», - թվարկել է Մամեդյարովը` ընդգծելով. - «Իսկ դա նշանակում է, որ միջազգային ամբողջ հանրությունը առաջընթաց է ակնկալում: Նրանք նաեւ գտնում են, որ միանշանակ պետք է ազատել գրավյալ տարածքները եւ վերադարձնել հարկադիր տեղահանվածներին»:

«Միակը, որին պետք է ուղղել այդ հարցը, Հայաստանի ղեկավարությունն է», - պնդել է նա:

Ադրբեջանի արտգործնախարարը անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւին` ասելով, թե այդ օրինագծի ընդունումը բացասական ազդեցություն է թողնում Lեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Մամեդյարովի կարծիքով` Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը չի նպաստում խաղաղությանը եւ կայունությանը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այլեւ ամբողջ Հարավային Կովկասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG