Մատչելիության հղումներ

Լրանում է ԵԱՀԿ-ի Մամուլի ազատության հարցերով հանձնակատար Միկլոշ Հարաշտիի պաշտոնավարման ժամկետը


Չորեքշաբթի ավարտվեց ԵԱՀԿ-ի Մամուլի ազատության հարցերով հանձնակատար, հունգարացի Միկլոշ Հարաշտիի պաշտոնավարման երկրորդ ժամկետը:

Նախորդ շաբաթ նա հրապարակել է իր ամփոփիչ զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարել մամուլի ազատության սահմանափակումներին, լրագրողների նկատմամբ իրականացվող բռնությունների թեմային՝ հիմնականում շեշտադրելով անցումային ժողովրդավարությամբ երկրներում առկա խնդիրները:

ԵԱՀԿ-ի Մամուլի ազատության հարցերով հանձնակատարի պաշտոնում 6 թեկնածուների անուններ էին քննարկվում՝ նրանց թվում մեկ ավստրիացու, մեկ բրիտանացու, երկու ռուս թեկնածուների:

Ենթադրվում է, որ այս պաշտոնում Հարաշտիին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի բոսնիացի Դունյա Միատովիչը Բոսնիա-Հերցեգովինայից: Նա այժմ զբաղեցնում է Հեռահաղորդակցության կարգավորման գործակալության ղեկավարի պաշտոնը:

Ըստ հավաստի տեղեկությունների, Միատովիչի թեկնածությունն արժանացել է ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ արեւելյան դիվանագետների հավանությանը: Արեւմուտքը, ըստ փորձագետների, կցանկանար տեսնել քննադատական երկխոսություն ԵԱՀԿ-ի ներկայացուցչի եւ այն երկրների միջեւ, որոնք դեռեւս շատ եւ շատ խնդիրներ ունեն հաղթահարելու մամուլի ազատության ասպարեզում:

Իսկ Արեւելյան Եվրոպայի երկրների պատվիրակներին այս պաշտոնում անհրաժեշտ է ընդունելի մի մասնագետ, ով հատկապես ընտրական գործընթացների ժամանակ կկարողանար օգտակար լինել Մամուլի մասին օրենքների կիրառության ասպարեզում:
XS
SM
MD
LG