Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկերը լավատես է մնում Ղարաբաղի հարցում


Գորան Լենմարկեր
Գորան Լենմարկեր

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը «նախկինի պես լավատեսորեն է տրամադրված, որ այս տարվա ընթացքում հնարավոր է լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: Այդ մասին նա հայտարարել է «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Լենմարկերի խոսքերով` «համաձայնեցված նախաբանը (պայմանագրի) լավ մեկնակետ է»: Նա ասել է, թե ակնկալում է, որ ե'ւ Բաքվում, ե'ւ Երեւանում քաղաքական կամք կա առաջ շարժվելու եւ խաղաղ ու երկարատեւ որոշման հասնելու համար:

Նա նշել է, որ Հարավային Կովկասը բավականին զոհեր ու ավերածություններ է տեսել, ու հիմա ժամանակն է քաջություն ցուցաբերել` լուծելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Դա հեշտ չէ, բայց այընտրանքը շատ թանկ կլինի: Չի կարելի թույլ տալ հակամարտության ռազմական լուծում` դա միայն մեծ ավերածություններ, շատ զոհեր ու փախստականներ կտա: Այս հակամարտությունը սառեցված չէ, յուրաքանչյուր ամիս մարդիկ են զոհվում սահմանային գծում, ու այլեւս հնարավոր չէ, որ դա շարունակվի», - ասել է Լենմարկերը:

ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի խոսքերով` որոշման ընդունումը կախված է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններից, նրանց աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, իսկ որպես խորհրդարանականներ` իրենք կարող են ամրապնդել երկխոսությունը եւ հասարակությանը պատրաստել որոշմանը:

Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով, Գորան Լենմարկերն ասել է, թե շատ կարեւոր է համարում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շփումներն ու ստորագրված արձանագրությունները:

«Կարծում եմ, ռեալ ճեղքում հնարավոր է», - ասել է նա` նշելով, որ առաջ շարժվելու քայլը հիմա կախված է Հայաստանի ու Թուրքիայի խորհրդարաններից: «Ամբողջ այս գործընթացը կարող է դրական հեռանկարներ ունենալ ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլեւ ամբողջ Կովկասի ու նաեւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար», - հայտարարել է Լենմարկերը:

Գորան Լենմարկերը եւ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշը մարտի 9-16-ը այցելություն են կատարում Հարավային Կովկասի երկրներ: Չորեքշաբթի երեկոյան նրանք Վրաստանից ժամանելու են Հայաստան:

Թբիլիսում ԵԱՀԿ-ի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ղեկավարների, ինչպես նաեւ ընդդիմության ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մարտի 13-16-ը նրանք լինելու են Ադրբեջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG