Մատչելիության հղումներ

Թուրքիան չի շտապում ետ ուղարկել Միացյալ Նահանգներում իր դեսպանին


Ռեջեփ Էրդողան
Ռեջեփ Էրդողան
ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նամիք Թանը Վաշինգտոն կվերադառնա միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Անկարան հստակ ուղերձ կստանա Միացյալ Նահանգներից` Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի ճակատագրի վերաբերյալ: Այդ մասին, ըստ «Անադոլու» լրատվական գործակալության, Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձեւի ընդունումից անմիջապես հետո Թուրքիան ետ է կանչել իր դեսպանին` խորհրդակցությունների նպատակով։ Հարցի շուրջ նախարարների խորհրդի տարածած հայտարարության մեջ հատուկ նշվել էր, որ «Անկարան քննադատում է բանաձեւի նախագիծը, որը մեղադրում է Թուրքիային մի հանցանքի համար, որ տեղի չի ունեցել»։

«Մինչեւ մենք պարզորոշ չպատկերացնենք հայկական բանաձեւի շուրջ ստեղծված իրավիճակը, Վաշինգտոն չենք գործուղի մեր դեսպանին», - հայտարարել է Էրդողանը եւ ընդգծել. - «Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները որոշի կորցնել իր ռազմավարական դաշնակցին` պարզ քաղաքական քննարկումների պատճառով»։

Մինչ այդ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեքշաբթի օրը հանդիպել է Միացյալ Նահանգներից վերադարձած դեսպանին` խորհրդակցության նպատակով։ Թե որքան կտեւեն այդ քննարկումները` արտգործնախարարը չի հստակեցրել։ Դեսպանի հետ հանդիպումից առաջ, սակայն, Դավութօղլուն հայտարարել է. - «Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, միեւնույն ժամանակ, թույլ չի տա որեւէ պետության ճնշում գործադրել Անկարայի վրա այն հարցերում, որոնց շուրջ անհնար է զիջումների գնալ»։ «Հուսով ենք` մեր գործընկերները ականջալուր կլինեն այս ուղերձին», - «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG