Մատչելիության հղումներ

Թուրքական եւ միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ թիվ 252 օրինագծին


«Գնալով այդ քայլին` Վաշինգտոնը փաստորեն անիրական դարձրեց մոտ ապագայում Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ - թուրքական արձանագրությունների վավերացումը, ինչը դժվար է հաջողակ դիվանագիտության նշան համարել», - գրել է Milliyet-ը` անդրադառնալով ԱՄՆ-ի կոնգրեսական հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի ընդունմանը:

«Կտրուկ արձագանքելով այդ բանաձեւի ընդունմանը՝ Անկարան հստակորեն ցույց տվեց նախագահ Բարաք Օբամային, որ իրադրությունը է'լ ավելի կվատանա, եթե ապրիլքսանչորսյան ուղերձում օգտագործվի «ցեղասպանություն» բառը», - հավելում է թուրքական թերթը:

Թուրքական մեկ այլ պարբերականի` Zaman-ի փոխանցմամբ, բանաձեւի ընդունումը դատապարտել են նաեւ Եվրոպական խորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ։ «Ե'վ Միացյալ Նահանգները, ե'ւ Եվրոպան ողջունել են պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելուն ուղղված ջանքերը, որոնք պետք է փորձեին պարզել ճշմարտությունը գրեթե մեկ դար առաջ տեղի ունեցած լայնածավալ պատերազմական իրադարձությունների վերաբերյալ», - ընդգծել է բրիտանացի պատգամավոր, Միացյալ Նահանգներում Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Սառա Լյուդֆորդը երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։ «Անիմաստ է, որ որեւէ մեկը Եվրոպայում կամ Ամերիկայում կանխակալ որոշումներ կայացնի այդ զգայուն հարցերի շուրջ», - ճշգրտել է բրիտանացի պատգամավորը եւ հույս հայտնել, որ այս դեպքում «կհաղթի առողջ բանականությունը», եւ Օբամայի վարչակազմը թույլ չի տա փաստաթուղթը քվեարկության դնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

Բրիտանական Guardian-ը հրապարակել է ընթերցողներից մեկի նամակը, ով քննադատել է Հայոց ցեղասպանության շուրջ բանաձեւի դեմ թերթի նախորդ օրվա խմբագրականը։ Անդրադառնալով հոդվածագրի այն պնդմանը, թե ցեղասպանության բնորոշումը ամերիկացի օրենսդիրների գործը չէ, եւ դրանով պետք է զբաղվեն պատմաբանները, ընթերցողը գրում է. - «Այն դեպքում, երբ թուրք գրողները դատապարտվում են Քրեական օրենսգրքի 301 հոդվածով` ցեղասպանության շուրջ խոսելու համար, այս ցեղասպանության ճանաչումը կարող է լինել յուրաքանչյուրի գործը, ով հոգ է տանում խոսքի ազատության մասին»։

Թեմային անդրադարձել է նաեւ Independent-ի հեղինակավոր թղթակից Ռոբերտ Ֆիսկը, ով հոդված է հրապարակել, իր իսկ բնորոշմամբ, Հայոց ցեղասպանության կենդանի վկաների մասին։ «Նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ովքեր այսօր, ցավոք սրտի, արշավ են սկսել ցեղասպանության շուրջ բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատում խափանելու համար, պետք է գան Բեյրութի մերձակայքում գտնվող որբանոց, որտեղ ապրել են այդ ցեղասպանության կենդանի ապացույցները, եւ նրանց առջեւ ամոթից կախեն գլուխները», - գրում է Ֆիսկը` այնուհետեւ ընդարձակ հոդվածում մանրամասնորեն ներկայացնելով, թե ինչպես են թուրք պաշտոնյաները փոխել եղեռնից մազապուրջ հայ երեխաների անունները, ինքնությունը, լեզուն, եւ ինչ դաժան կտտանքների են ենթարկել նրանց, ովքեր փորձել են հայերեն խոսել կամ ընդդիմանալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG