Մատչելիության հղումներ

Ռուսաստանը նույնպես ընտրեց «Եվրատեսիլ»-ի իր մասնակցին


Մարտի 7-ին Ռուսաստանում նույնպես որոշվեց, թե ով է ներկայացնելու երկիրը «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում: Նախընտրական եզրափակիչ փուլում հայտնված 25 հայտատուներից SMS քվեարկության եւ Ժյուրիի ձայների համադրությամբ լավագույնը ճանաչվեց «Պյոտր Նալիչի երաժշտական կոլեկտիվ»-ը` դժբախտ սիրո մասին «Lost and Forgotten» երգով:

Ռուսաստանում նախընտրական պայքարը բավական թեժ էր, քանի որ մասնակցում էին ռուսական շոու բիզնեսի ամենատարբեր անուններ` սկսած հայտնիներից մինչեւ սկսնակներ: Սակայն ռուսական ընտրությունը, որպես կանոն, առավելապես ոչ թե երգերի ու երգիչների, այլ պրոդյուսերների պայքար է: Նախընտրրական մրցույթին իրենց հայտերն են ներկայացրել ռուսական փոփի մի շարք անուններ կերտած պրոդյուսերներ. Իոսիվ Պրիգոժինը ցանկանում էր Օսլո ուղարկել երգչուհի Ելենա Եսենինային, իսկ Վիկտոր Դրոբիշը «Պրինցեսա Ավենյու» նախագիծն էր ներկայացրել:

«Եվրատեսիլ»-ում մեծ փորձ ունեցող պրոդյուսեր Մաքս Ֆադեեվը հետ է վերցրել իր ներկայացրած «Յո Յո» խմբի հայտը: Նույնկերպ է վարվել նաեւ 2 անգամ «Եվրատեսիլ»-ին մասնակցած Դիմա Բիլանը, ով ավելի վաղ հայտարարել էր մրցույթին կրկին մասնակցելու ցանկության մասին` Ֆիլիպ Կիրկորովի գրած երգով:

Նախընտրական փուլի փավորիտներից էր համարվոււմ ռուսական փոփի հայնտի անուն Ալեքսանդր Պանայոտովը, ինչպես նաեւ «Բուրանովյան տատիկներ» խումբը, որի կազմում հիմնականում 70-ին մոտ կանայք են, ովքեր ֆոլկ եւ էստրադա են երգում` սկսած Վիկտոր Ցոյից մինչեվ Beatles-ի երգացանկը:

Ռուս վերլուծաբանները խոստովանում են, որ մասնագիտությամբ ճարտարապետ, 29-ամյա Պյոտր Նալիչը հաղթանակի հասավ առանց պրոդյուսերների օգնության:

Եվրոպական հեռարձակողների միության կանոնների համաձայն` միչեւ մարտի 22-ը «Եվրատեսիլ»-ի մասնակից բոլորը 39 երկրները պետք է ներկայացրած լինեն իրենց երգերը եւ մասնակիցներին:
XS
SM
MD
LG